Նորություններ

«Գերիների վերադարձի ձգձգումը կարող է լուրջ գլխացավանք դառնալ Ադրբեջանի համար՝ հանգեցնելով քաղաքական և տնտեսական անցանկալի հետևանքների»

Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ մտավ  և արդեն այսօր քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը. ի՞նչ  սպասելիքներ  պետք է  ունենալ այդ քննարկումից, և  արդյո՞ք այս հարցի քննարկումից հետո հնարավոր է գերիների նոր խումբ  վերադառնա Հայաստան: Այս և այլ թեմաների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ:

«Անիրատեսական է միայն հարցի նիստերի օրակարգում ներառվելուց սպասել գերիների խմբի վերադարձի նոր փուլի մեկնարկ, բայց հնարավոր է, որ այս գործընթացն ակտիվորեն առաջ մղելու շնորհիվ տեսնենք նաև գործնական հետևանքներ՝ ինչ-որ փուլում ակնկալելով նաև Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձ»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սա բարդ, երկարատև ու փուլային գործընթացի մեկնարկ է, որտեղ անհրաժեշտ է աշխատել ինտենսիվորեն՝ սպասված վերջնարդյունքին հասնելու նպատակով։

«Այսօրվա նիստից ամենամեծ ակնկալիքը հայանպաստ ելույթների հնչեցումն ու Ադրբեջանի ոչ կառուցողական լինելը վկայակոչող հարցերի բարձրացումն է, որին հետագայում արդեն կարող են հետևել նաև կառույցի կողմից արված հայտարարություններ, զեկույցներ և բանաձևեր»,-ընդգծեց քաղաքագետը:

Մովսես Հարությունյան

Անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ մեր ռազմական դաշնակցի քվեարկությանը՝ Մովսես Հարությունյանը նշեց. «Ռուսական պատվիրակության նման դիրքորոշումը հարցեր է առաջացրել, բայց հարցի զգայունությամբ պայմանավորված՝ կդժվարանամ միանշանակ գնահատական տալուց։  Այստեղ կարևորը ոչ այնքան ՌԴ-ի՝ մեր ռազմավարական դաշնակից լինելը շեշտադրելն է, այլ  այն, որ ՌԴ-ն հանդիսանում է նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի նախաձեռնող և միակ միջնորդ կողմը։ Այս տեսանկյունից տարօրինակ է ՌԴ պատվիրակության դիրքորոշումը հրադադարի մասին հայտարարության առանցքային դրույթներից մեկի իրագործման ձգձգման դեմ։ Թվում է, թե այս խնդրի լուծմամբ ամենից շատ պետք է շահագրգռված լինի հենց ռուսական կողմը։ Միանշանակ է, որ հայկական կողմը պետք է ՌԴ պատվիրակությունից ակնկալի պարզաբանումներ այս հարցում վերջիններիս տարօրինակ դիրքորոշման վերաբերյալ»:

Ի՞նչ ճնշում կարող է ԵՄ-ն գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձին հասնելու համար:

Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը հայտարարեց.

«Կարող են կիրառվել տարաբնույթ ճնշումներ՝ քաղաքականից սկսած, տնտեսականով վերջացրած, սակայն դրանց հասնելը շատ բարդ է լինելու, քանի որ տարբեր հարցերում առկա են ԵՄ անդամ երկրների և Ադրբեջանի շահերի համընկնումներ։  

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի մակարդակով արված հայտարարություններին, թե իրենք հանձնել են բոլոր հայ գերիներին եւ մյուս պահվող անձինք ահաբեկիչներ են, ապա պետք է արձանագրենք, որ չկան դրանց ճշմարտացիությունն ապացուցող հիմնավորումներ։ Բացի այդ, նրանց մատնանշած անձանցից մի քանիսը արդեն վերադարձել են գերիների փոխանակման գործընթացի շրջանակներում՝ վերոնշյալ անձանց այդ հայտարարություններից հետո»:

Հարությունյանի պնդմամբ՝ ինտենսիվ և իրական ճնշումների միջոցով միանշանակ կարող է արագացվել այս գործընթացը՝ ինչի օր օրի ձգձգումը կարող է լուրջ գլխացավանք դառնալ Ադրբեջանի համար` հանգեցնելով քաղաքական և տնտեսական անցանկալի հետևանքների։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close