Նորություններ

Ի՞նչ է փնտրում Բալու արջը․ բանտարկված արջերի բնազդները վերականգնվում են

Վայրի բնության գրկում գորշ արջերը՝ արթնանալով ձմեռային քնից, արդեն գարնան ամիսներին շատ են սիրում սնվել տարբեր տեսակի թրթուրներով, որոնք սննդարար են՝ հագեցած են սպիտակուցներով։ Տեսանյութում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող Բալու արջն է, որն ամբողջ կյանքում պահվել է Վերին Արտաշատում գտնվող տներից մեկի բակում՝ շղթայված։ Արդեն այսօր Բալուն արթնացել է ձմռան քնից և փորձում է վերականգնել իր վայրի բնազդները․ փնտրում է իր համար հաճելի և սննդարար թրթուրներ։

Բալու արջը Փրկարար կենտրոն է տեղափոխվել 2018թ․-ի մարտ ամսին։ Կենդանին ուներ ծանր հոգեկան և վարքաբանական խնդիրներ, քանի որ երկար տարիներ գտնվել է փոքր վանդակի մեջ, այն էլ՝ շղթայված: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագետների աշխատանքի շնորհիվ Բալուն այսօր հանգիստ է և բարեկեցիկ պայմաններում։ Թեև նրա մոտ դեռ պահպանվել են որոշ վատ հիշողություններ իր նախկին «խնամքի» մասին, սակայն իրականացվող ամենօրյա աշխատանքի շնորհիվ խնդիրները լուծվում են։

Հիշեցնենք, որ Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ տասնյակ արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Կարևոր ձեռքբերում է նաև, որ այս տարի Փրկարար կենտրոնում գտնվող գրեթե բոլոր արջերը ձմեռել են, ինչը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։

 

Back to top button
Close