Նորություններ

Քաղաքական հայտարարություն չեմ արել, հորդորել եմ պատասխանատվությունը չդնել ռուսական կողմի վրա. Բորիս Ավագյան

Ես հանդիպման սկզբում ընդգծել եմ՝ եկեք չքաղաքականացնենք հանդիպումը եւ ռացիոնալ լուծումներ գտնենք, ինձ առաջնահերթ  հետաքրքրում է,  թե իմ հայտարարություններից որոնք էին քաղաքական: Այս մասին այսօր՝ ապրիլի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արախի ԱԻՊԾ  տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանն, որը նախօրեին աշխատանքից ազատվել էր Հայաստանի ԱԺ այցելելուց եւ որոշ հայտարարություններ անելուց հետո։

«Ես քննադատել եմ իմ ընկերոջը, իշխանավոր պատգամավորն իմ մոտիկ ընկերն է, ես իրավունք ունե՞մ որպես քաղաքացի քննադատել իմ ընկերոջը,  կարծում եմ՝ այո, եւ իմ ընկերության մեջ դա ընդունված է: Երեկ ես իր հետ խոսել եմ, մենք քննարկել ենք, ես իրեն բացատրել եմ իմ դիրքորոշումը, մենք ոչ մի խնդիր չունենք, մենք մտերիմ ընկերներ ենք։ Նա սխալ  բան է ասել, դրա համար էլ հորդորել եմ, որ նա որպես պատգամավոր այդպիսի բան չասի, նման բան որպես դերասան նա կարող էր ասել»,– ասաց Բորիս Ավագյանը:

Նշենք, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի մասին է, որը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ «գերիների հետ կապված հարցը տան Հայաստանում ՌԴ դեսպանին, որովհետեւ իրենք են այդ հարցի գարանտը»։

Բորիս Ավագյանը նախօրեին Հայաստանի ԱԺ–ում մասնակցում էր անկախ պատգամավորների կողմից կազմակերպված գերիների թեմայով աշխատանքային քննարկմանը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի,  քննադատել էր իմքայլական  Արթուր Մանուկյանին, ընդգծելով, որ որպես պատգամավոր՝ ավելի լավ է ելույթ չունենա։ Ավագյանի՝ ԱԺ–ում այդ քննարկմանը եւ լրագրողների հետ ճեպազրույցից հետո, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի՝ լրատվամիջոցների հետ ունեցած շփումները, «Արցախպրեսի» հետ զրույցում հորդորել էր լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի եւ որեւէ այլ պետական մարմնի հետ առնչվող որեւէ կարգավիճակով։

Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Բորիս Ավագյանը տեղեկացրեց, որ ռազմագերիների թեմայով քննարկմանը մասնակցելուց հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել է, սակայն թե ինչու՝  իրեն հայտնի չէ։ ԱԻՊԾ–ի պաշտոնական հաղորդագրության համաձայն ՝ Ավագյանն  իր կողմից կազմակերպված ասուլիսի եւ ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը եւ խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Ըստ Ավագյանի՝ իր նկատմամբ կիրառվել է ոչ հավասար վերաբերմունք։ Օրինակ, նրա խոսքով, Ավանի թաղապետի տեղակալը գրառումներ է արել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի վերաբերյալ ու չի քննադատվել դրա համար, ինչպես նաեւ չի ազատվել աշխատանքից, իսկ իր դեպքում այլ որոշում է  կայացվել, հետեւաբար  ոչ հավասար վերաբերմունք է ցուցաբերվել իր նկատմամբ։

«Եթե դու ասում ես այնպիսի բաներ, որոնք իշխող կուսակցությունը գտնում է, որ դե ուզել է՝ ասել է, եւ եթե դու ասում ես ինչ-որ բան, որն իշխող կուսակցության ներկայացուցչի վերաբերյալ, դա արդեն ընդունվում է որպես քաղաքական հայտարարություն, խոսքը դրա մասին է»,– ասաց Ավագյանը:

Բորիս Ավագյանն այդպես էլ հստակ չասաց, թե Արցախի ԱԻՊԾ ղեկավարությանը տեղակ պահել է, որ Հայաստանի խորհրդարանում ռազմագերիների հարցով աշխատանքային քննարկման է մասնակցելու։

«Որտեղ է գրված, որ Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն իրավունք չունի հանդիպել ժողովրդի ներկայացուցիչների՝ պատգամավորների հետ։ Դրանում օրենքի խախտում կա՞, դա աշխատանքային հանդիպում էր, իսկ նրանք հարցնում էին խորհուրդ,  դա մամուլի ասուլիս չէր, պատգամավորներն ինձ հարցեր էին տալիս, ես էլ իմ փորձից նրանց տեսական գիտելիքներ էի տալիս»,– ասաց Ավագյանը։

Նախկին պաշտոնյան շեշտեց, որ իր հայտարարությունները քաղաքական չեն, այլ ինքը միայն հորդորել է պատասխանատվությունը չդնել ռուսական կողմի վրա.

«Հորդորել եմ «Իմ քայլի» պատգամավորին, որ  չարժեր ասել, որ գնացեք Ռուսաստանի դեսպանի մոտ եւ թող նա կապնվի Վլադիմիր Պուտինի հետ, եւ հորդորել եմ, որ Ավանի թաղապետը գրառումներ չանի ռուսական ուժերի հրամանատար Մուրադովի վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ եթե ինչ–որ անձնավորություն առողջական խնդիրներ ունի եւ այդպիսի գրառումներ է անում, պետք է հանրության կողմից, այդ թվում՝ իշխանությունների կողմից քննադատվի»։

Բորիս Ավագյանը հայտարարեց՝ ինքը քաղաքականություն մտնլու ցանկություն չունի։ «Հենց  ավարտվի գերիների վերադարձի գործընթացը, ես աշխատելու եմ ոչ մի հարցազրույց չտալ, եւ քաղաքականության մեջ չլինել, որովհետեւ դա ինձ հետաքրքիր  ոլորտ չէ»,– ասաց նա։

Back to top button
Close