Նորություններ

Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը։

Պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել պետության անվտանգությանը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

«Ես հասկանում եմ, որ հասարակությանը չափազանց հետաքրքրում են պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բազմաթիվ հարցեր, ու մեր ազգն իրավունք ունի ստանալ մարտական գործողությունների անհաջողությունների պատճառները պարզաբանող պատասխաններ։ Բայց պետք է հստակ արձանագրենք, պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել մեր պետության անվտանգությանը, քանի որ օպերացիաների նախապատրաստման և վարման,նրանց համակողմանի ապահովումների կազմակերպման հետ կապված հարցերը պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է»,– նշել է Գասպարյանը։

Նրա համոզմամբ` հրապարակային քննարկումները լայն հնարավորություն են տալիս մեր թշնամիներին՝ գնահատել պետության և զինված ուժերի իրական ներուժը, կանխատեսել պատերազմում կրած կորուստների վերականգման ժամկետները և բացահայտել մարտունակության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր։

«Ես գտնում եմ, որ պատերազմին վերաբերող հարցերին պետք է մոտենալ սառնասրտորեն` բացառելով զգացմունքային մոտեցումները, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ այդ թվում պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ռազմական գործողությունների տարբեր դրվագների վերաբերյալ տեղեկատվություն կամ նույնիսկ վերլուծություն են ներկայացնում՝ հիմնվելով ոչ ստույգ, հաճախ նաև սուբյեկտիվ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, դրանով իսկ, հասարակությանը մոլորեցնելով, կրքեր բորբոքում՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին»,– նշել է նա։

Օնիկ Գասպարյանը բոլորին սթափության կոչ է անում` հորդորելով կանգ առնել ու հանուն անձնական շահերի ի լուր աշխարհի չբարձրաձայնել երկրի գաղտնիքները` միաժամանակ զգուշացնելով, որ այդկերպ նրանք չեն նպաստում ծանր ճգնաժամից դուրս գալուն և պետության կայունացմանը:

«Իհարկե, թերությունները, բացթողումները և սխալները պարտադիր պետք է քննարկվեն, բայց փակ ռեժիմով և համապատասխան հարթակներում՝ մասնավորապես ԶՈւ ԳՇ–ում»,– նշում է Գասպարյանը։

Նա նաև հայտնում է, որ մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո այդ կառույցում սկսվել են պատերազմի վերլուծության աշխատանքները, որոնցում ընդգրկված են եղել լավագույն մասնագետները: Քննարկումներին պարբերաբար մասնակցել են նաև պահեստազորի սպաներ, ռազմարդյունաբերական ոլորտի պաշտոնյաներ: Գասպարյանը հուսով է, որ սեղմ ժամկետներում աշխատանքները կավարտվեն, ու կունենանք պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բոլոր հարցերի ամբողջական և օբյեկտիվ պատասխանները:

Գասպարյանը հայտնում է նաև, որ դեռևս 2020թ–ի նոյեմբերի 17-ի իր հայտարարության մեջ շեշտել է , որ պատասխանատվություն է կրում ԶՈւ-ի հաջողությունների և անհաջողությունների համար:

«Չկա մեկը, ով կարող է ԶՈւ ղեկավար կազմին մեղադրել պատասխանատվությունից խուսափելու և մեղքն այլ անձանց վրա բարդելու մեջ: Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում (քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը»,– նշում է Գասպարյանը։ԳՇ նախկին պետն արձանագրում է, որ պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է, այլև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտների։ Ու թեև պատերազմները վարում են պետությունները, բայց պետք է պատրաստ լինել պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար:

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր հրապարակել էր Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը:

ԱԽ–ն ապրիլի 15-ին հրապարակել էր այդ հայտարարության տեքստային տարբերակը, որի մեծ մասի գաղտնիությունը պահպանված էր, այսինքն` հրապարակվել էր մի քանի նախադասություն։

Հիշեցնենք` այդ նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,– ասել էր նա։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

armeniasputnik.am

Back to top button
Close