Նորություններ

«Մնացել է այս երկընտրանքը՝ ընտրություն վատի և վատթարագույնի միջև, բայց դա ընտրություն չէ»

«Նախկիններ-ներկաներ, կապիտուլյանտներ-մերժվածներ. օրակարգը նման կարգի խնդիրներով է ծանրաբեռնվում և ազդեցություն է թողնում: Մարդիկ սկսում են դրանց շուրջ ուշադրություն դարձնել, և դա ոչ մի խնդիր չի լուծելու, լինի դա ընտրությունների, թե ոչ ընտրությունների ձևով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով ընտրական զարգացումներին:

«Վերջ թավիշին, թե թավիշով, նախկինները կոռումպացված էին, կոռումպացված չէին, կպատժեն, չեն պատժի, ներկաները պատերազմ են տանուլ տվել, ապաշնորհ կառավարողներ են. օրակարգի այս մասերը անընդհատ շրջանառելով՝ հանրությունը ըստ էության ի վիճակի չի լինելու հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը, ում ընտրի, որովհետև էդ ամեն ինչով փակում են դաշտը, այսինքն՝ թողնում են իրենց, իսկ այդ դասավորության մեջ երկուսն էլ շահում են»,- շարունակում է քաղաքագետը:

«Եթե մանիպուլյացիաներով պիտի փորձեն անընդհատ կյանք ձևավորել սևերի և գորշերի շուրջ, ուրեմն այդտեղ ի՞նչ ընտրություն պիտի լինի, այդտեղ ընտրելու բան չկա:

Խնդիրն այն է, որ քաղաքական ներկա գործընթացները բերել-հասցրել են նրան, որ մնացել է այս երկընտրանքը՝ ընտրություն վատի և վատթարագույնի միջև, բայց դա ընտրություն չէ:

Ընտրությունն այն է, որ երբ կարողանում ես ընտրել այնպիսի մի ուժի, որ ենթադրում ես, որ լավ է լինելու:

Քաղաքական միավորները, այդ թվում ներկա կառավարող ուժը, նախկինների միավորումները, ովքեր, ըստ էության, իրենց պատկերացնում են որպես նոր ձևավորվող խորհրդարանի մաս, բոլորն էլ ռուսական դաշտում գործող ուժեր են, և այստեղ Ռուսաստանը որևէ խնդիր չունի, թե ինչպիսի ընտրություն կամ ուժերի ինչպիսի դասավորություն լինի:

Ռուսաստանը կարիք չունի տալու նախապատվություն միավորներից որևէ մեկին, բոլորն իր դաշտում գործող են, բոլորը վազում են Մոսկվայից «դաբրո» բերելու՝ ցույց տալու համար, որ իրենք կապեր ունեն, և որ իրենց վրա է Կրեմլը կատարելու խաղադրույքը:

Նման կարգի մտածողության պարագայում սպասել, թե կլինի այլ բան, չէ՜, ըստ էության, չկան սպասելիքներ»,- ասում է քաղաքագետը:

Սարո Սարոյանի կարծիքով՝ այս ընտրությունների միջոցով ճգնաժամը խորանալու է, նոր կոմպոնենտներ են ի հայտ գալու, հետընտրական բողոքների, ՍԴ դիմելու ձևով:

«Կառավարող ուժն օգտագործելու է վարչական ռեսուրս, շատ մեծ հավանականությամբ հնարավոր են նաև այլ տեսակի ընտրակեղծիքներ: Այնպես որ, ճգնաժամից մենք չենք ազատվելու: Իհարկե ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պիտի լինի ընտրությունների միջոցով, բայց խնդիրն այն է, թե ընտրությունը ովքեր են կազմակերպելու:

Եթե պետք է ներկա կառավարողները կամ նախկինները կամ այլ միավորներ կազմակերպեն, բնականաբար իրենք շահագրգռված են լինելու այդ կազմակերպումը անել այնպես, որ իրենք ներգրավված լինեն և ներկայացված լինեն նոր խորհրդարանում:

Մենք տեսնում ենք, որ ԿԸՀ-ն շարունակում է գործել նույն մարդկանցով այլ ընտրական տեղամասերում, նույն հանձնաժողովականներն են: Այնպես որ, մտածողությունն էլ է նույնը, մոտեցումներն էլ են նույնը:

Քաղաքական ճգնաժամը հնարավոր է լուծել միայն ընտրությունների միջոցով, բայց այնպիսի ընտրությունների, որտեղ ընտրական գործընթացն իսկապես կապահովի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, ընտրական օրենսգիրքը իսկապես հավասարություն կբերի քաղաքական միավորների համար, և բացի դրանից՝ կազմակերպողներն էլ կլինեն այնպիսի շրջանակներ, ովքեր քիչ թե շատ վստահություն կներշնչեն հանրությանը, որ տեղի կունենան արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ»,- եզրափակում է քաղաքագետ Սարո Սարոյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button