ՆորություններՏնտեսական

«Արտաքին պարտքը աճում է, ՀՆԱ-ն անկում է ապրում. դա նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, երկիրը կարող է անվճարունակության ծանծաղուտի մեջ հայտնվել»

Հայաստանի Կենտրոնական բանկը դրամի արժեզրկումը զսպելու համար ինտերվենցիա է կատարել: ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

«ԿԲ-ի ռեզերվները լրիվ թույլ են տալիս նման գործառնություններ իրականացնել, եթե արժույթային  շուկայում կան սպեկուլյատիվ գրոհներ, ապա այդ գրոհները չեզոքացնելն ու սպասումները, ըստ էության, հակադարձ են:

Այսօր դոլարի փոխարժեքը 522 է միջին հաշվով, չնայած  ԿԲ-ի միջամտություններից հետո իջել էր մինչև 512-513, բայց բոլոր դեպքերում ռիսկերն ու ազդեցությունները մնում են, որովհետև  տնտեսական իրավիճակն է մնում  խնդրահարույց»,- ասում է տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանն, անդրադառնալով դրամի արժեզրկման հետևանքով առաջացած խնդիրներին, ասում է.

«Դրամի արժեզրկումն առաջացնում է գնաճային ճնշումներ, որովհետև դրամի արժեզրկման հետևանքով թանկանում է հատկապես  ներմուծված ապրանքը, սննդամթերքը, մեքենասարքավորումները, էներգակիրները, վառելիքը:

Դեռևս հոկտեմբերի կեսերից սկսած՝ դրամի արժեզրկման հետևանքով ներմուծումը թանկացել է, և դա իր հերթին շղթայաբար անդրադարձել է նաև մյուս ապրանքների և ծառայությունների, նույնիսկ ներքին արտադրության ապրանքների և ծառայությունների վրա:

Եթե  նայենք թանկացումների այլ սեգմենտների, մասնավորապես ներկրվող ձեթի, շաքարավազի, որոշ սննդամթերքների մասով, դա ևս հասկանալի է և  բացատրվում է փոխարժեքի տատանմամբ:

Մյուս կողմից կրճատվել են տրանսֆերտները, այսպես ասած, ընկել  է բնակչության վճարունակությունը. սա գնաճին հակազդող գործոն է:

Եթե նայենք Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների փոխանցման դինամիկային, այդ կորագիծը նվազել է, և դա մակրոտնտեսական համակարգը սնուցող հիմնական գործոններից մեկն է եղել, որը ևս իր դերն ունի և  գնաճին հավելյալ ճնշումներ առաջացնելու գործոններից մեկն է»,- ընդգծեց  տնտեսագետը:

Նրա խոսքով՝ պետք չէ միայն գնաճով դատել մակրոտնտեսական իրավիճակը:

«Խնայողությունները ևս նվազել են, ՀՆԱ-ն և սոցիալական իրավիճակն է ոչ բարվոք, և  այս ամենը աղքատության մակարդակը բարձրացրել է, և դա փաստում էին համաշխարհային բանկի  փորձագետները:

Բնակչության մոտավորապես  կեսից ավելին աղքատության մեջ է գտնվում, խոսքը օրական 5,5 դոլար և ցածր եկամուտ  ունեցողների մասին է: Այնպես որ, այս ամենը փոխկապակցված է տնտեսականը, քաղաքականը, պատերազմով և պանդեմիայով»,- ասում է Ատոմ Մարգարյանը:

Ըստ նրա՝ հարկային իրավիճակը, պետական պարտքի աճի  միտումները մտահոգիչ են.

«Այն ռեսուրսը, որ ԿԲ-ն, կառավարությունը ներգրավում են դրսից կամ այլ շուկաներից եվրոբոնդերի տեսքով, այդ ամենը գին ունի: Դրա հետևանքով մենք տեսնում ենք, որ եվրոբոնդերի  եկամտաբերության մակարդակն է բարձրացել, այսինքն՝ նրանց գրավչության աստիճանն է նվազել, իսկ դա նշանակում է, որ  Հայաստանին պարտք տալու խնդիրը բարդանում է: Այսինքն՝ ոչ  բոլորն են, որ մեծ պատրաստակամությամբ պատրաստ են իրենց գումարները ներդնել Հայաստանի արտարժութային պետական պարտատոմսերի մեջ: Մյուս խնդիրն այն է, որ ներկա դրությամբ փաստորեն երկրի կոնսոլիդացված արտաքին պարտքն ավելի մեծ է, քան երկրի ՀՆԱ-ի արդյունքն է:

Արտաքին պարտքը աճում  է, ՀՆԱ-ն անկում է ապրում, իսկ դա նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, ապա երկիրը կարող է անվճարունակության ծանծաղուտի մեջ  հայտնվել»,-եզրափակեց տնտեսագետը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close