Նորություններ

Մեկ բուհ` մեկ մասնագիտություն. Հատուկ դիմորդների համար

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար հայտագրումն այսուհետ կիրականացվի երկու փուլով։ Առաջին փուլով ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը դիմորդները կդիմեն մեկ բուհի մեկ մասնագիտության անվճար և վճարովի բաժինների համար։ Ընդունելության կարգի փոփոխված տարբերակի նպատակն է դիմորդների շրջանում խրախուսել մասնագիտական կողմնորոշումը։ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից վստահեցնում են՝ փոփոխությունը սկզբունքային է և իրատեսական։

Նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է, որ մինչ այս բազմաթիվ էին դեպքերը, երբ դիմորդի միավորները չէին բավականացնում հայտում նշված առաջին մասնագիտությամբ ընդունվելու համար, ինչի պատճառով պատահաբար հայտնվում էր մեկ այլ բաժնում, որում սովորելու ցանկություն չուներ։

«Ամենաակնառու օրինակը իրավագիտության կամ բժշկական համալսարանի օրինակն է։ Իրավագիտությամբ եթե չէին հաղթահարում անցումային միավորներով, ինքնաշխատ դուրս էին թողնում պատմության կամ հնագիտության ֆակուլտետ դիմած դիմորդներին։ Մեր կարծիքով այս փոփոխությունը փոքր-ինչ կմեղմի այդ անարդարությունը։ Այն դիմորդները, որոնք ի սկզբանե ուզում են դառնալ պատմաբան, հնագետ, մշակութաբան, հնարավորություն կունենան հենց առաջին հայտով ընդունվել»,-նշեց Լուսինե Գրիգորյանը։

Լուսինե Գրիգորյանը կարծում է, որ ընդունելության կարգի փոփոխությունը դժգոհություն չի առաջացնի դիմորդների շրջանում, քանի որ հիմնական սկզբունքը պահպանվել է։ Նախկինում, եթե դիմորդները մեկ անգամ էին հայտ ներկայացնում՝ հերթականությամբ ընտրելով տարբեր մասնագիտություններ, ապա այժմ առաջին հայտով չընդունվելու և թափուր տեղերի առկայության պարագայում կկարողանան երկրորդ փուլով հայտագրել։

«Առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, եթե դիմորդը չընդունվի իր նախընտրած մասնագիտությամբ, ապա կարող է լրացուցիչ փուլում հայտարարագրել այլ մասնագիտություններ ու բուհեր, որտեղ պահանջվում են նույն քննությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button