Նորություններ

Արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում չվել

Գիտե՞ք, որ արագիլների միգրացիան ժամանակի հետ փոփոխության է ենթարկվել

Հավանաբար լսել եք, որ արագիլների մեծ մասը ձմռան ամիսներին այլևս չի լքում Հայաստանը, այլ՝ ձմեռում է այստեղ, քանի որ ձմռան ամիսներին կեր գտնելը դարձել է առավել հեշտ։ «ԱրԱվես» ՀԿ-ն կրկին հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում սպիտակ արագիլների մասին։

Հայաստանում Արարատյան դաշտում բնադրող արագիլները ձմեռում են Արաքսի հովտում, իսկ հյուսիսային շրջաններում բնադրողները՝ չվում են դեպի Աֆրիկայի Սահելի հատված։ Նման օրինաչափություն նկատել են նաև Իսպանիայում բնադրող արագիլների մոտ։ Օրինակ, Մադրիդում բնադրող առանձնյակները ձմեռում են քաղաքին հարող գյուղական միջավայրում։

Հետաքրքիր է իմանալ նաև, որ ի տարբերություն երիտասարդ առանձնյակների՝ հասունները նախընտրում են ձմեռել իրենց բնադրավայրերում։

Բնության մեջ սպիտակ արագիլների թշնամիները շատ չեն՝ օձերը երբեմն վնասում են ձվերին և ձագերին, շնագայլերն ու թափառող շներն էլ՝ արդեն երիտասարդ կամ հասուն առանձնյակներին։ Սպիտակ արագիլները հիմնականում խոցելի են մարդու գործունեության հետևանքով՝ թունաքիմիկատների օգտագործում, որսորդություն, բների և ձագերի ոչնչացում։

Վերջին 2 տարիների ընթացքում Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետևանքով։ Յուղոտվելու պատճառով նրանց փետուրները վնասվում են և չեն կարողանում թռչել, արդյունքում՝ արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում նաև չվել։

Այս խորհրդանշական թռչուններն ունեն մեր օգնության և պաշտպանության կարիքը, իսկ եթե կան քաղաքացիներ, որոնք արդեն տեսել և լուսանկարել են սպիտակ արագիլներին, ապա կարող են այցելել www.springalive.net կայք և գրանցել դիտարկումը։

Back to top button
Close