Նորություններ

«Կրակոցի ձայները գյուղամիջում չեն լսվել, դա եղել է սահմանին». Շիկահողի վարչական ղեկավար

Երեկ Սյունիքի  մարզի Շիկահող գյուղում դիրքերի ուղղությամբ կրակոցներ են լսվել։ Անասուններն արածեցնելիս գյուղացիներն են ձայներ լսել, ապա՝ տեղեկացրել  համայնքի վարչական ղեկավարին:

Շիկահող համայնքի վարչական  ղեկավար Նարե Ղազարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց, որ կրակոցի ձայները գյուղամիջում  չեն լսվել, դա եղել է սահմանին:

«Կովերը գյուղից  ներքև ենք տանում դեպի սահման,  էդ կողմերում են մեր արոտավայրերը: Կրակոցի ձայնը լսել է կովերին արոտավայր տարած մարդը. նա պատմեց, որ մի կրակոց  է հնչել»:

Վարչական ղեկավարի  խոսքով՝ ադրբեջանական կողմը վերջին շրջանում համեմատաբար հանգիստ է, սադրանքներ չի անում:

«Գյուղի կենտրոնը  իրենցից  հեռու է մոտավորապես 2 կմ, վարչական տարածքով ենք շատ մոտ. դա է խնդիրը, բայց ընդհանուր առմամբ ձեռքները չի հասնում մեզ, որ որևէ սադրանք կամ ոտնձգություն անեն:

Սկզբնական շրջանում, երբ նոր էին տեղակայվել ադրբեջանական զորքերը, շատ էին սադրանքները: Առայժմ հանգիստ է, մեզ համար ապրում ենք մեր հոգսերով»:

Նարե Ղազարյանի փոխանցմամբ՝ գյուղում այս պահին կա 158 բնակիչ, գյուղից ոչ ոք չի հեռացել:

«Գյուղում չկան խուճապային տրամադրություններ, բայց  կան հարցեր, որոնք պետք է լուծել: Քանի որ արդեն սկսվել են գարնանային աշխատանքները, մեր հողամասերը սահմանին մոտ են գտնվում, հետևաբար  անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի գյուղացին գոնե էս դեպքում իրեն անվտանգ զգա:

Եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, գոնե այդ վայրերում սահմանապահներ չգան. դա բավականին լուրջ խնդիրներ կստեղծի մեզ համար»:

Նարե Ղազարյանն ասում է, որ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սահմանապահների ներկայության առաջարկի մասին դեռևս միայն ԶԼՄ-ների միջոցով են ներկայացրել, դեկտեմբերին էլ ներկայացրել  է Սյունիքի մարզպետին:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close