Նորություններ

Օնիկ Գասպարյանի առաջարկն ուշացած է․ Էդմոն Մարուքյան

ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծելու վերաբերյալ ուշացած է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դա ուշացած հայտարարություն է, որովհետև հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես Լուսավոր Հայաստանը սկսել է լոբբինգ անել փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Իշխանությունը մերժել է, թե Սահմանադրությանը հակասում է։ Հետո կազմել ենք օրենքի նախագիծ, որ օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում ստեղծվի պարիտետային փաստահավաք խումբ, որը կքննի այդ ամբողջ արհավիրքը։ Իսկ թե ինչու քննիչ հանձնաժողով չենք նախաձեռնել, որովհետև քննիչ հանձնաժողովի մի փորձ ունենք ապրիլյանի պարագայում։ Եվ օրենքով, եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա հանձնաժողովը ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։ Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին և այս իշխանություններին, ուրեմն թող ասի, թող ստեղծեն։ Ես ուղղակի զարմանում եմ, որ նման բան է հայտարարել։ Ես կարծում եմ, որ պարոն գեներալն ուղղակի տեղյակ չէ, որ ԱԺ կանոնանակարգ օրենքով պաշտպանական հարցերի քննիչ հանձնաժողովն ստեղծվում է հանձնաժողովի հենքի վրա, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը»,- ասաց նա։

Մարուքյանն ասաց, որ այդ հարցով իրենք չեն վստահում իշխանություններին։ «Ես կարծում եմ, որ պարոն Գասպարյանը նույնպես չի վստահում, որովհետև հայտարարել է, որ խեղաթյուրել են Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Մի իշխանություն, որն, ըստ պարոն գեներալի, խեղաթյուրում է ԱԽ նիստի արձանագրությունը, էդ իշխանությունից ո՞նց է պահանջում ստեղծել քննիչ հանձնաժողով։ Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը և որը կունենա բալանս», հավելեց Մարուքյանը։

Back to top button
Close