Նորություններ

«Եթե շաբաթը 3 անգամ թուրքերը մեր գյուղով անցնում, բարձրանում են Շուշի, էլ ինչ անվտանգության մասին կարող է խոսք գնալ». Շոշի գյուղապետ

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, հետպատերազմական շրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, բայց սահմանամերձ գյուղի բնակիչներին անհանգստացնում է այն փաստը, որ թշնամին ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում իրենցից:

ԳԱԼԱ-ն զրուցել է Ասկերանի շրջանի Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանի հետ:

«Այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, բայց դե ով կարող է հաստատ 100%-ով երաշխիքներ տալ: Եթե շաբաթը 3 անգամ թուրքերը մեր գյուղով անցնում, բարձրանում են Շուշի, էլ ինչ անվտանգության մասին կարող է խոսք գնալ: Թշնամու դիրքերը մեր գյուղից ընդամենը 250 մետր հեռավորության վրա են գտնվում:

Մարդիկ կոտրված վիճակում են, ունեն որոշակի մտահոգություններ, բայց էլի գործում են, աշխատում են, շարունակում են ապրելը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը՝ ամեն մարդ ինքն է իր ընտանիքի անվտանգությունը երաշխավորում, ինքն է իր գլխի ճարը տեսնում»,- ասում է Աբրահամյանը:

Համայնքապետի խոսքով՝ գյուղում այս պահի դրությամբ ապրում է մոտավորապես 400 մարդ:

«Մարդկանց մեծ մասը վերադառնում է, ասում են, որ իրենք մնալու են: Շոշեցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է, բայց պատերազմի հետևանքով հողատարածքների 75%-ը թուրքերի տիրապետության տակ է անցել, ինչն արդեն իսկ խոչընդոտ է թե՛ գյուղատնտեսական, թե՛ անասնապահական աշխատանքների համար»,-նշում է Էրիկ Աբրահամյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close