Նորություններ

«Նիկոլ Փաշինյանը փորձում է առիթներն օգտագործել, որպեսզի իրեն ուղղված մեղադրանքները հետ շրջի և ինքն էլ իր հերթին մեղադրանքներ հնչեցնի». Հ.Բադալյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր եկել կառավարության 2020թ.-ի գործունեության հաշվետվությունը ներկայացնելու նպատակով, բայց Փաշինյանը շեղվեց թեմայից և խոսեց արցախյան 44-օրյա պատերազմում տեղի ունեցած դեպքերից: Վարչապետը անդրադարձավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020թ.-ի նոյեմբերի 17-ի հայտարարությանը՝ ընդգծելով, որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի իր ուղերձում Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այդ ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Ինչո՞ւ է վարչապետը Օնիկ Գասպարյանի հայտարարությունը հերքում ամիսներ անց:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ փետրվարի 25-ից հետո Նիկոլ Փաշինյանը և քաղաքական մեծամասնությունը պատասխանել են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը և ասել, որ չի եղել այն, ինչի մասին Օնիկ Գասպարյանը խոսել է նոյեմբերի 17-ին:

«Մեկնարկը նոյեմբերի 17-ի հայտարարությունը չէ, այլ ավելի ուշ՝ փետրվարի 25-ին, երբ ԳՇ-ն հանդես եկավ վարչապետի հրաժարականի պահանջով: Ակնհայտ դարձավ, որ գեներալակազմի մեծ մասը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, արդեն դառնում է քաղաքական խաղացող և առնվազն խաղարկվում արմատական ընդդիմության շրջանակներում, և ակնհայտ է, որ իշխանությունը սկսելու է քաղաքական պատասխանի գործընթաց: Սա ներքաղաքական փոխադարձ մեղադրանքների, ընդդիմախոսության, պատասխանատվության հարցադրումների մի մասն է, և այս տեսանկյունից մոտիվները շատ պարզ են արդեն ամիսներ շարունակ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Հակոբ Բադալյանը:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում արձագանքել է վարչապետի հայտարարությանը՝ ասելով. «ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և օգտագործելով իշխանական լծակները՝ հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։

Քաղաքագետի խոսքով՝ վարչապետի երեկվա ելույթը պայմանականորեն կարելի է անվանել նախընտրական ելույթ:

«Որևէ նոր գիծ, նոր բան վարչապետի ելույթում ես չեմ արձանագրել: Իհարկե խոսվել է բանակի ռեֆորմացիայի մասին, Ռուսաստանի դերի մասին, կոմունիկացիաների մասին, բայց սրանք օրակարգում են, և նկատելի, նշմարելի են քաղաքական մեծամասնության և վարչապետի մոտեցումները:

Նիկոլ Փաշինյանը փորձում է առիթներն օգտագործել, որպեսզի իրեն ուղղված մեղադրանքները հետ շրջի և ինքն էլ իր հերթին մեղադրանքներ հնչեցնի: Դա քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է, որը կա պատերազմից հետո: Եթե նրան ուղղվում են մեղադրանքներ առավելապես նախկին կառավարող համակարգի կողմից, ինքն էլ բնականաբար հետ է ուղարկում այդ մեղադրանքները՝ ցույց տալով նախկին համակարգի թողած ժառանգության խնդիրները, և փորձում է իրավիճակը, այդ թվում պատերազմը բացատրել այդ խնդիրներով:

Այստեղ իհարկե հասարակության խնդիրն այն է, թե այս ներքաղաքական մեղադրանքների մեջ ինչ ռացիոնալ հատիկ դուրս կբերի իր համար, որովհետև մարդկանց և ընդհանրապես պետության համար առանցքայինը այն չէ, թե ով ում է ավելի համոզիչ մեղադրում, այլ այն, թե ում քաղաքական խոսքն է ավելի փաստարկված և հստակ, որպեսզի հասարակությունը մի կողմից կողմնորոշվի իր ընտրությունը կատարելու հարցում, մյուս կողմից՝ մենք՝ որպես պետություն, կարողանանք գնահատել մեր անցած ճանապարհը, այդ ճանապարհին թույլ տված բացթողումներն ու սխալները»,- եզրափակում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close