Նորություններ

Վակուում՝ արտաքին քաղաքական դաշտում. 5 ամսում 2 աշխատանքային այց Մոսկվա եւ 1 այց՝ Ղազախստան. որեւէ երկրի ղեկավար չի եկել Հայաստան

Հետպատերազմական Հայաստանում, որպես կանոն, Հայաստանի իշխանությունները պետք է ավելի ինտենսիվ աշխատանք տանեին արտաքին քաղաքական ուղղությամբ, բարձրաձայնեին ռազմական հանցագործությունների հարցը, պատերազմի ընթացքում եւ դրանից հետո կատարվածը, Ադրբեջանի վարքագիծը, ռազմագերիների խոշտանգման եւ Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակի կիրառման հանգամանքը եւ այլ բազմաթիվ առանցքային հարցեր:  Ակտիվ շփումների արդյունքում փորձեին դիվանագիտական կապերն ամրապնդել տարբեր երկրների հետ: Սակայն վակուումն ակնհայտ է. արտաքին քաղաքական դաշտում, բացի մոսկովյան այցերից եւ հեռախոսազրույցներից,  կարծես ոչինչ չի կատարվում:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ո՞ր երկիր է պաշտոնական կամ աշխատանքային այցով եղել ՀՀ վարչապետը, ո՞ր երկրի ղեկավարն է այցելել Հայաստան:

ՀՀ վարչապետի պաշտոնական էջից դուրս ենք բերել վերջին հինգ ամիսների ընթացքում Փաշինյանի՝ արտաքին քաղաքական փոխայցերի եւ հեռախոսազանգերի վերաբերյալ տեղեկատվություն:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո Փաշինյանը երկու անգամ աշխատանքային այց է կատարել Մոսկվա եւ մեկ անգամ՝ Ղազախստան: Այսքանը: Որեւէ երկրի ղեկավար չի եղել Հայաստանում:

Փաշինյանը հինգ ամսվա մեջ  հինգ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, երկու անգամ հանդիպել նրան՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, երկու անգամ էլ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ:

Հինգ ամսում երեք անգամ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ Երեւանում հանդիպել Ֆրանսիայի պետքարտուղարի հետ: 

Երկու անգամ խոսել է Վրաստանի նախկին եւ ներկա վարչապետերի հետ:

Մեկ անգամ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետի հետ, մեկ անգամ  հանդիպել Ղրղզստանի վարչապետին:

Պատերազմից հետո մեկ անգամ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հետպատերազմական Հայաստանում մեկ անգամ տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ՄԽ անդամների հետ:

Մնացյալ սակավաթիվ հանդիպումները տարբեր երկրների դեսպանների հետ են՝ կամ հրաժեշտի, կամ նորանշանակների:

Ցանկը՝ ստորեւ:

10.11.2020

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:

12.11.2020

Հեռախոսազրույց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Փաշինյանը Ֆրանսիայի նախագահին տեղեկատվություն է ներկայացրել հրադադարի մասին:

14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

16.11.2020

Հեռախոսազրույց՝ ՌԴ  կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

19.11.2020

Հեռախոսազրույց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:

21.11.2020

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

21.11.2020

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

30.11.2020

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

14.12.2020

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

06.01.2021

Հեռախոսազրույց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

11.01.2021

Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ:

Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի  Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

11.01.2021

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

27.01.2021

Ն. Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

28.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

04.02.2021

Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց է կատարել Ղազախստանի Հանրապետություն:

Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: 
 

05.02.2021

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:

17.02.2021

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: 

25.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

05.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: 

12.03.2021

Հեռախոսազրույց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

17.03.2021

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

18.03.2021

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

ՀՀ վարչապետն իր գործընկերոջը շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

25.03.2021

Ն. Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը:

26.03.2021

Հեռախոսազրույց՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

07.04.2021

Աշխատանքային այց Մոսկվա եւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close