Նորություններ

«Եթե հայաթափվեն այդ մի քանի գյուղերը՝ Սարուշենը, Շոշը, Թաղավարդը, Կարմիր շուկան, ադրբեջանցիներն այլևս խնդիր չեն ունենա այդ ճանապարհն իրենցով անելու»

«Կրակոցներն անընդհատ եղել են, ուղղակի թիրախավորված չէին, և սա առաջին դեպքն էր, որ կոնկրետ ուղղությամբ էր կրակահերթը, ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ  են ներկայացվում, օրինակ՝ իրենց տարածքում, իրենց հաճույքի համար են այդ կրակոցները, ինչ-որ տոնախմբություն  է և այլն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորի  փոխանցմամբ՝ մի քանի  օր առաջ ադրբեջանցիները գնդացրով կրակել են Սարուշենի ուղղությամբ,  և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը կամ մյուս  օրը դա չի կրկնվի:

«Չգիտես  ինչու, այդ  մասով լռություն էր  պահպանվում, ուղղակի այնքան խոսվեց այդ մասին, որ չէին կարող չանդրադառնալ այդ հարցին: Կրակահերթը եղել է երկար ժամանակ  շահարկվող Սարուշեն գյուղի ուղղությամբ, այսինքն՝ խոսքը Կարմիր շուկա տանող ճանապարհի մասին է:

Եթե հայաթափվեն այդ մի քանի գյուղերը՝ Սարուշենը, Շոշը, Թաղավարդը, Կարմիր շուկան, այլևս  խնդիր չեն ունենա այդ  ճանապարհը  իրենցով անելու»,- նշեց Հակոբյանը:

Մետաքսե Հակոբյան

«Ընդհանրապես նոյեմբերի 10-ից հետո Արցախից դուրս մարդկանց  մոտ տպավորություն է, որ Արցախում բոլոր անվտանգային հարցերը կարգավորված են, և այսօր այս  փոքրիկ կտորը, որ մնացել է մեր հայրենիքից, անվտանգ է: Բնականաբար դա այդպես չէ և այդպես չի էլ եղել նոյեմբերի 10-ից  այս կողմ, ուղղակի չկան ակտիվ պատերազմական գործողություններ: Անվտանգային առումով չեմ կիսում այն միտքը, որ Արցախը  խնդիր չունի, որովհետև  եթե Արցախի մեր վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնում են ադրբեջանական մեքենաները, դա արդեն իսկ խնդիր է:

Եթե ավելի լուրջ ես մոտենում խնդրին, ապա կասկածից վեր  է, որ իսկապես գոյություն ունի համագործակցություն հայաստանյան  իշխանությունների և ադրբեջանական կողմի միջև: Վերջին ժամանակներս երկու կողմերից հնչած արտահայտություններն էլ շատ նման են իրար, երբեմն ինձ թվում է, որ ձևակերպումներն էլ են նույնը:

Այդ ամենը իրականում նպատակ ունի ուղղակի խուճապի մեջ գցելու Արցախում ապրող հայերին և, ինչու չէ, նաև Հայաստանում ապրող հայերին:

Վերջերս Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանը հայտարարություն արեց, դավաճան  անվանեց  այն մարդկանց, ովքեր կասեն, որ Արցախն անվտանգ չէ, նրանք ուզում են խուճապ առաջացնել: Այսինքն՝ Արցախի նախագահը, ով կատարում է Հայաստանի իշխանությունների պատվերը, ճիշտը ասող մարդկանց համարում է դավաճան, եթե ազգին չես խաբում, ուրեմն դու դավաճան ես:

Մենք մեր կուսակցության նախագահի հետ միասին մոտ 20 օր առաջ ենք այդ ճանապարհով անցել և հասել մինչև Թաղավարդ և ամբողջ ճանապարհին մենք չտեսանք հայկական վերահսկողություն այդ ուղղությամբ, երկու անցակետ կար, և միայն ռուս  խաղաղապահներն էին: Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ  Կարմիր շուկա գյուղում 150 բնակարան է կառուցում, և ով ասում է՝ անվտանգ չէ, ուրեմն ինքը չի ուզում, որ Արցախը շենացվի:

Իսկ ո՞ր արցախցին է գնալու ապրելու այդ 150 բնակարաններում, եթե ամեն օր իր քթի տակով անցնելու է թուրքը»,- ընդգծեց ԱՀ ԱԺ պատգամավորը:

Ըստ Հակոբյանի՝ այս պահին թուրքերի հիմնական նպատակը ամբողջ Արցախի հայաթափումը չէ: «Իհարկե դա կա իրենց  օրակարգում, բայց այս  պահին այդ  կոնկրետ հատվածում ճանապարհը հարող գյուղերի հայաթափումն է, որովհետև  եթե չկան այդտեղ ապրող բնակիչներ, իրենք խնդիր չունեն  ճանապարհի վերահսկողության»:

Պատգամավորի խոսքերով՝ անորոշ է իրավիճակը, ոչ լավ, ոչ վատ իրավիճակում արցախցին սպասում է և ոչ միայն սպասում է, այլ նաև գործում է.

«Սարուշեն գյուղը, որի ուղղությամբ եղել են կրակոցները, այնտեղի մարդիկ հայրենասեր են, և որևէ մեկը չի կարող նրանց դուրս հանել իրենց գյուղից։ Երիտասարդ, քաջ համայնքապետ ունեն, ով կարող է կոորդինացնել աշխատանքները, համախմբել բոլորին և նաև դարձել է գյուղի անվտանգության երաշխավորը։ Ռուս խաղաղապահներին առաջարկել են, որ դաշտում աշխատանք կատարելու ժամանակ իրենց անվտանգությունն ապահովեն։ Ամեն դեպքում արցախցին իրենից կախված ամեն բան անում է, պարզապես արցախցուն այսօր պակասում է ազգային գաղափարներով լցված իշխանություն»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close