Նորություններ

«Ռուբենը ասաց՝ մամ ջան, մի մտածիր, կգնաս Հայաստան, Դավիթը քեզ կդիմավորի, կգրկի. երեխուն ո՞նց բացատրես, որ գնում ես եղբորը հուղարկավորելու»

Մամիկոն Համբարյանը նախքան արցախյան պատերազմում զոհված որդու մասին պատմելը երկտող է մեջբերում Ռուբեն Հախվերդյանի երգից՝ «Լավագույն տղերքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնում», և հայացքը ուղղում դեպի Դավիթի նկարը:

«Դավիթը իմ մյուս 4 երեխաներից տարբերվում էր՝ մազերը շեկ էին, սպիտակամաշկ էր: Շատ աշխույժ էր, ընկերասեր, նվիրված, համարձակ, վախ չուներ: 4 երեխեն մի կողմ էին, Դավիթս մի կողմ էր, մենք իրեն շատ էինք սիրում, բայց ինքը թույլ չէր տալիս, որ սիրենք իրեն, չէր ուզում, որ կապվենք իր հետ: Մտածում ենք՝ երևի հենց էս պատճառով չէր ուզում, որ մենք իր հետ կապվեինք: Դավիթը սառը մարդ էր, էմոցիա ցույց չէր տալիս, բայց ջիգրեխելառ էր:

Բանակ գնալուց առաջ մորն ասում էր՝ մամ ջան, արի հրաժեշտ տամ, կարող է էլ չտեսնենք իրար… ասում էինք՝ այդպիսի բաներ մի ասա: Ասում էր՝ բանակ է, ամեն ինչ էլ կարող է պատահել, ասում էինք՝ ամեն ինչ շատ լավ կլինի. կգնաս, կծառայես, հետ կգաս: Տաքարյուն էր, բոլոր Դավիթների նման՝ «խելառ»: Ասում էինք՝ ինչի անունը Դավիթ դրեցինք, ախր բոլոր Դավիթներն են տաքարյուն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է պատերազմում զոհված գյումրեցի Դավիթ Համբարյանի հայրը՝ Մամիկոն Համբարյանը:

Գյումրեցի կրտսեր սերժանտ Դավիթ Մամիկոնի Համբարյանը ծնվել է 2001թ.-ին: Ծառայել է Մատաղիսում, սեպտեմբերի 25-ին ժամկետային զինծառայողը Թալիշի մարտական դիրքում է եղել որպես դիրքի ավագ: Ինը ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

Դավիթի հարազատները տղայից վերջին լուրը ստացել են պատերազմից առաջ, իսկ հոկտեմբերի 7-ին տղայի անուն-ազգանունը տեսել են զոհվածների ցուցակում: Համբարյանների ընտանիքին ամիսներ շարունակ չի փոխանցվել տղայի մարմինը և ոչ էլ որևէ պատշաճ տեղեկություն՝ երբ և ինչ հանգամանքներում է զոհվել 19-ամյա կրտսեր սերժանտը:

Դավիթի հարազատները մինչև վերջին պահը մտածել են, որ իրենց որդին հնարավոր է գերեվարված լինի, որովհետև իրենց հասած տեղեկություններն իրարամերժ և հակասական են եղել: Միշտ աղոթել և հավատացել են, որ Աստված իրենց աղոթքներին անհաղորդ չի մնա, և որ իրենց որդուն ողջ-առողջ գտնելու են:

Պատերազմից կես տարի անց հաջողվեց գտնել գյումրեցի սերժանտի մարմինը և հանձնել հողին:

«Դավիթը համազգեստը շատ սիրեց, բանակից հետո ուզում էր մնալ և շարունակել ծառայել հայրենիքին: Ասում էինք՝ չէ, Դավիթ, չէ, կգաս, մենք քեզ հետ ուրիշ նպատակներ ունենք:

Դավիթի դիրքից միակ տղան, որ ողջ է մնացել, Լեռնիկն է, բայց ցավոք, նա չէր տեսել, թե ինչ է Դավիթի հետ կատարվել, պատճառը դիրքի տարբերությունն էր: Դավիթի դիրքը հյուսիսարևմտյան էր, իսկ տղաների խրամատները եղել են արևելյան կողմի վրա, իրարից հեռու են եղել, և իրենց մեջտեղը եղել է կացարանը: Իրենք երկու հոգով են եղել, մարտի ընթացքում Լեռնիկը իջել է տղերքի մոտ, իջել է խրամատ, և արդեն թուրքերը լցվել են խրամատի մեջ, և խրամատում մարտեր են եղել, և տղերքը փորձել են խրամատից դուրս գալ, իսկ Դավիթը մնացել է հետևը:

Տեղի է ունեցել հարձակում դիրքի վրա՝ 4 չպաշտպանվող դիրք եղել է ձախ թևից, 2 չպաշտպանվող դիրք եղել է աջ կողմից:

Մարտակերտի ԳՇ պետ Կարեն Շաքարյանը պատմում է, որ տեսախցիկները նկարահանել են մարտը: Ասում է՝ 24 տանկ, չհաշված զրահատեխնիկան ու կենդանի ուժը, եկել է Դավիթենց դիրքի վրա հարձակման, տեղի է ունեցել ճեղքում՝ աջ և ձախ թևերից, և շրջափակում: Դավիթենց դիրքի հետևում եղել է «Սիս» հրամանատարական դիտակետը և աջակից ուժը, որը 2 «Ուրալով» եկել է օժանդակության՝ մեկ «Ուրալը» ռմբակոծվել է, իսկ մյուս «Ուրալից» տղերքը իջել են, որ բարձրանան և «Սիս» դիրք մտնեն, աստիճանների վրա զոհվել են:

Տղերքի զոհվելը իմաստալից է, որովհետև մինչև վերջ տղերքը հավատացել են, որ իրենք դիրքը չեն տվել, և «դրանից հետո»-ն է արդեն հարց, ու եթե ողջ մնային և դիրքը տային, կնշանակեր, որ մենք բանակ չունենք»,- շարունակում է գյումրեցի հերոսի հայրը:

Դավիթի քույրը՝ Եսթերը, պատմում է, որ եղբայրը ծառայությունից երբեք չի դժգոհել և այնքան էր սիրել զինվորական համազգեստը, որ մտադիր էր ծառայությունից հետո էլ հյարենիքին ծառայել:

Եսթերը ապագա զինվորական է, ասում է. «Մենք մտադիր էինք, որ երկուսով միասին պիտի հայրենիքը պաշտպանենք»:

«Սկզբում չէր սիրում զինվորականի մասնագիտությունը, հետո որոշեց, որ պիտի շարունակի ծառայել հայրենիքին մինչև վերջ:

Վերջին անգամ ամսի 23-ին խոսեցինք Դավիթի հետ, ամսի 25-ին պիտի դիրքեր բարձրանար, նախօրոք զգուշացրեց, որ վերևում կապ չի լինի, և հնարավորության դեպքում կզանգի: Իրենք չեն իմացել, որ պատերազմ է, իրենց սովորական օրվա նման ծառայության մեջ են եղել, բայց վաղ առավոտ սկսվել է հարձակումը: Սեպտեմբերի 27-ին զանգել ենք Դավիթին ու այդ օրվանից լուր չենք ունեցել մինչև հոկտեմբերի 7-ը, երբ անուն-ազգանունը տեսանք զոհվածների ցուցակի մեջ:

Մենք միշտ կռվում էինք իրար հետ, բնավորությամբ իրար նման չէինք. իմ ու Դավիթի մոտ այն վիճակն էր, երբ իրար հանդիպում են դրական լիցքն ու բացասականը:

Դավիթին ծառայությունը շատ էր փոխել… առաջ ամեն ինչին շատ թեթև էր նայում, ավելի հասուն էր դարձել:

Պատերազմից հետո դատարկություն է, դառնություն: Մեր ցավը կրկնապատիկ է, որովհետև մենք կորցրել ենք նաև մեր հայրենիքի մի մասը, այն հայրենիքի, որի համար մեր պապերն են արյուն թափել:

Մենք չէինք պատկերացնում, որ կարող ենք պարտվել, միշտ մտածել ենք հաղթանակ, մինչև մահ, հերոսի մահ, բայց հաղթանակ»:

Եսթերն ասում է՝ երբեք հետ չի կանգնի զինվորական դառնալու իր որոշումից, հիմա նաև Դավիթի փոխարեն էլ է շարունակելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:

Տիկին Քնարիկը՝ Դավիթի մայրը, ասում է.

«Դավիթը օգնող էր, բայց դժվարությամբ էր նվիրվում, որ նվիրվեր, դա ամբողջ կյանքի համար էր: Տանը լրիվ ուրիշ մարդ էր, ընկերների հետ՝ ուրիշ, էմոցիա ցույց չէր տալիս, լուրջ էր:

Շատ նպատակներ ուներ, բայց չիրականացավ… շատ շուտ գնաց: Մի կողմից հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, բայց մյուս կողմից էլ ցավն է մեծ:

Ռուբենս մինչև վերջին պահը հավատում էր, որ եղբայրը հետ պիտի գա, մենք միշտ ասում էինք՝ մեր զինվորը տուն կգա, գնում էինք եկեղեցի, աղոթում էէինք Երեք օր առաջ էր, Ռուբենը ասաց՝ մամ ջան, մի մտածիր, կգնաս Հայաստան, Դավիթը քեզ կդիմավորի, կգրկի: Երեխուն ոնց բացատրես, որ գնում ես եղբորը հուղարկավորելու: Դագաղը նկարել էինք, տեսավ, էդ ժամանակ հասկացավ, որ եղբայրը էլ չկա: Ասում եմ՝ մի լաց եղիր, Դավիթը երկնքից է քեզ նայում, իրենք կապված էին իրար հետ»:

«Մենք Դավիթին էլ, մեծ տղայիս էլ ծառայության ճանապարհելիս ասել ենք, որ Աստծուն ենք տվել, Տեր ջան, դու գիտես՝ ինչ պիտի անես»,- եզրափակում է գյումրեցի հերոսի մայրը:

Անահիտ Չալիկյան

 

 

 

Back to top button
Close