Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը մոտեցել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին եւ հարցրել՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Նրանց միջեւ ինչ-որ խոսակցություն է եղել, որից հետո Հակոբ Արշակյանը բարձրացել է վերեւի հարկ, հարձակվել է լրագրողի վրա կոտրել նրա գույքը:
Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակման մասին մամուլի հրապարակումները դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ։