Պեսկովը՝ ԼՂ-ում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ պնդումների եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռի բեկորներ հայտնաբերելու մասին Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման: Այս մասին, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զինվորական գծով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,- նշել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Իսկանդեր»-ի հրթիռի բեկորների հայտնաբերման թեման բարձրացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում:
Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք Պուտինի և Ալիևի զրույցի ընթացքում քննարկվել է նաև նոյեմբերին Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի թեման:
Ավելի վաղ Իլհամ Ալիեւը հայտնել էր, որ ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է Շուշի քաղաքում «Իսկանդեր-Մ»-ի հրթիռի բեկորներ հայտնաբերելու մասին տեղեկատվությունը: Նա ասել է նաեւ, որ ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուս գործընկերներին պաշտոնական հարցում է ուղարկել այդ թեմայով:
Ապրիլի 2-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը ցուցադրել է «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգի բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանն օգտագործել է ընդդեմ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ «Իսկանդեր»-ի հրթիռները չեն օգտագործվել 2020թ.-ի աշնանը տարածաշրջանում հակամարտության սրման ժամանակ: