ՆորություններՍպորտ

Մեկ խաղ մինչև կիսաեզրափակիչ․ Որ թիմերը կհաղթահարեն փլեյ-օֆֆը

Ասել, թե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերում անակնկալներ գրանցվեցին, երևի թե, արդար չի լինի։ Այս տեսակետին, իհարկե, կարող են չհամաձայնել ինչպես «Բավարիայի» ու «Լիվերպուլի», այնպես էլ պարտված մյուս թիմերի երկրպագուները։ Իսկ թիմերը հակառակն ապացուցել կարող են պատասխան խաղերում, որոնք կկայանան այսօր և վաղը․ խաղային առաջին օրը «Չելսին» կընդունի «Պորտուին», իսկ ՊՍԺ-ն՝ «Բավարիային»։ Խաղային երկրորդ օրը Դորտմունդի «Բորուսիան» տանը կմրցի «Մանչեսթեր Սիթիի», իսկ «Լիվերպուլը»՝ «Ռեալի» հետ։

«Չելսի»-«Պորտու» (առաջին խաղը՝ 2-1)

Լոնդոնցիները խաղին մոտենում են երկու գնդակի առավելությամբ։ Այն էլ մրցակցի հարկի տակ խփած գնդակների։ Սա նշանակում է, որ Տուխելի սաները տանը շատ ավելի հանգիստ կարող են ընդունել հյուրերին։

Դիմակայությունում հաղթելու դեպքում լոնդոնյան թիմը 2014-ից ի վեր առաջին անգամ դուրս կգա մրցաշարի կիսաեզրափակիչ։ Պորտուգալացիները կիսաեզրափակչի ուղեգիր կարող են ձեռք բերել միայն, եթե հաղթանակի հասնեն 3 գնդակի առավելությամբ։

ՊՍԺ-«Բավարիա» (առաջին խաղը՝ 3-2)

Գերմանական մեքենան սեփական հարկի տակ պարտություն կրեց առաջին խաղում ու ինքն իրեն դժվարին խնդրի առաջ կանգնեցրեց պատասխան խաղից առաջ։

Մրցակցի հարկի տակ տոնած 3-2 հաշվով հաղթանակն իսկական հաջողություն էր փարիզյան թիմի համար, որն այս մրցարջանում փորձելու է տիրանալ իր պատմության առաջին ՉԼ գավաթին։

Առաջին խաղում, ինչպես և վաղը, մյունխենցիները կխաղան առանց առաջատար Ռոբերտ Լևանդովսկիի։ Սակայն ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս էր հայտնել, որ իր թիմը կհասնի կիսաեզրափակիչ։ «Մինչ այդ «Բավարիան» պիտի բուժի իր վերքերը»,- ասել էր նա։

«Բորուսիա» Դ-«Մանչեսթեր Սիթի» (առաջին խաղը՝ 1-2)

Ինչպես առաջին խաղից հետո ասել էր «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսը՝ դորտմունդցիները դեռևս շանսեր ունեն «Սիթիին» անցնելու, մանավանդ սեփական հարկի տակ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Գվարդիոլայի սաները մեծ դժվարությամբ ու միայն խաղավարտին խփած գոլի շնորհիվ տանը կարողացան հաղթանակի հասնել, դորտմունդիների՝ կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը լրիվ իրատեսական են։

«Լիվերպուլ»-«Ռեալ» (առաջին խաղը՝ 1-3)

Մադրիդցիները կարելի է ասել լուծել են կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրն ու անակնկալներ կարող են գրանցվել միայն մերսիսայդցիների շատ մեծ ջանքերի շնորհիվ։ Սակայն այստեղ հարկ է հիշել ՉԼ 2018/19 մրցաշրջանի կիսաեզրափակիչը, երբ «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում պարտվելով 0-3 հաշվով «Լիվերպուլը» կարողացավ 4-0 հաշվով հաղթանակ տոնել։

Կլոպի սաների համար առաջինը հաջողության հասնելը կարևոր կլինի, եթե հաշվի առնենք, որ ՉԼ վերջին 24 խաղերում թիմը չի պարտվել, երբ առաջինն է գրավել մրցակցի դարպասը։

Բայց պետք է չմոռանալ, որ «սերուցքայիններն» այս խաղին մոտենում են բարձր տրամադրությամբ ու «Էլ կլասիկոն» հաղթելուց հետո էլ ավելի մեծ ինքնավստահությամբ։

Հիշեցնենք, որ ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան բոլոր խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին։

armsport.am

Back to top button
Close