ՆորություններՔո ձայնը

«Ալիեւը բարդ վիճակում է. նա փորձում է ժամանակ շահել»

Մեկնաբան Հակոբ Բադալյանը սոցցանցի իր էջում գրել է.

Ալիեւը բարդ վիճակում է: Առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու: Նա բարդ վիճակում էր դեռ պատերազմից առաջ, ու, եթե չստացվեր պատերազմել, Ադրբեջանում կամ ինքը պետք է հեռանար եւ ժամանակ շահեր օրինակ Մեհրիբանին հանձնելու միջոցով, կամ նրան կհեռացնեին Մեհրիբանի հետ միասին:

Բայց, պատերազմելն ու ռազմաճակատում հաղթելը չի լուծել Ալիեւի խնդիրները, կամ լուծել է մասնակի, սրելով նորերը: Նա հաջողել է հայտնվել գործնականում բոլոր ուժային կենտրոնների շահերի համադրման ալիքի կատարին ու հաղթել ռազմաճակատում, բայց դրանից հետո արդեն այդ ալիքը իջնում է, ուժային կենտրոնների շահերը եւ հետաքրքրությունները արդեն սկսում են գնալ տարբեր ուղղություններով:

Դրան զուգահեռ, ներքին կյանքում Ալիեւը ըստ էության «խաղարկել» է իր ամբողջ իշխանության գլխավոր խաղաքարտը՝ ռազմական հաղթանակն ու «հողերի վերադարձը»: Այդ խաղաքարտով Ալիեւը իշխանություն էր պահում, անգամ ադրբեջանական ինքնություն կառուցում: Պատերազմը սպառեց դա եւ հիմա կամ նա ինչ որ բանով լցնում է դատարկությունը, կամ ներսում առաջանալու է արդեն ներքին կյանքի առնչությամբ խնդիրների սրություն: Էլ չասած այն մասին, որ Արցախի հարցում էլ սկսելու են մատնացույց անել, որ նա չի լուծել հարցը այնպես, ինչպես ներկայացնում է:

Ալիեւը հիմա փորձում է ժամանակ շահել ռազմաճակատի հաղթանակի քարոզչական կապիտալիզացիայի վրա խաղալով: Անգամ արտաքին աշխարհում բացահայտ վանդալ կամ մոլագար երեւալու գնով նա պատրաստ է խաղալ այդ խաղը ներքին լսարանի համար:

Խոսվում է Հայաստանով Նախիջեւանի հետ հաղորդուղու հարցում նրա շահագրգռության մասին: Այդ հարցը Ալիեւի հարցը չէ: Այդ հարցը Ռուսաստան-Թուրքիա հարց է: Ընդ որում, դեռ պետք է հասկանալ, թե Անկարային խորապես որքան է հետաքրքրում այդ հարցի որեւէ մոտակա լուծում: Կարծում եմ թուրքերի համար դա տակտիկական խաղարկման խնդիր է, որովհետեւ գործնական իմաստով նրանք այժմ ավելի կենտրոնանում են նոր ուղղություններով Ռուսաստանը շրջապատելու վրա:

Back to top button