Նորություններ

Շահումյան գյուղում 26-ամյա երիտասարդի են դանակահարել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ժամը 1.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով ու գլխի վնասվածքով 26-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը հայտնել էր՝ իբր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել։ Վնասվածքի բնույթը, սակայն, այլ բան էր հուշում, և նրա խոսքերը իրավապահներին հավատ չէին ներշնչել։
Շահումյան մեկնած համայնքային ոստիկանները հարցումների արդյունքում պարզեցին թե՛ դեպքի հանգամանքները, թե՛ կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի համագյուղացին էր՝ 33 տարեկան։ Նավասարդյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close