Նորություններ

Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում:

Սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձ է, որը գործում է լիցենզիայի հիման վրա և իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ: Այն ունի կնիք, ձևաթուղթ, հաշվեկշիռ, բանկային հաշիվ, կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները:

Նախադպրոցական հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար: Գործունեության նպատակը յուրաքանչյուր սանի, այդ թվում՝ կրթության  և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների` առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության  պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է: Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

Նախադպրոցական կրթական ծրագրերում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել`

  • ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները,
  • մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործումը,
  • սաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանումը, սննդի կազմակերպումը` ըստ առողջապահական նորմերի,
  • սաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։

Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝

  • մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.
  • մսուր — մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.
  • մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.
  • նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.
  • կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումն այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում, խմբերի առավելագույն խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Աշխատանքային ռեժիմը, երեխաների մնալու տևողությունը սահմանում է հաստատության հիմնադիրը: Մանկավարժական և սպասարկող անձնակազմերը տարին 1 անգամ ենթարկվում են բժշկական զննության: Աշխատանքի ընդունվում են այն անձինք, որոնց որակավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում են լիազորված մարմնի սահմանած բնութագրերին:

Օրինակելի կանոնադրությամբ սահմանված են տնօրենի, փոխտնօրենի, մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական ղեկավարի և այլ աշխատողների պարտականություններն ու պատասխանատվությունը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Back to top button
Close