ՄիջազգայինՆորություններ

Իսրայելը պայթյուն է կազմակերպել իրանական միջուկային օբյեկտում. Իրանը խոստացել է վրեժ լուծել

Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտացանցի բաշխման խափանումը տեղի է ունեցել Իսրայելի կողմից իրականացրած պայթյունի հետևանքով, հայտնում է The New York Times պարբերականը:

Հրապարակման մեջ նշվում է, որ «էլեկտրաէներգիայի անջատումը, ըստ էության, առաջացել է դիտավորյալ ծրագրված պայթյունի հետևանքով, իսկ հետախուզության ամերիկացի և իսրայելցի աշխատակիցները հայտարարել են, որ դրանում դեր ունի Իսրայելը»:

Թերթի աղբյուրների վկայությամբ՝ վնասը հասցվել է հզոր պայթյունի օգնությամբ, որի շնորհիվ ամբողջությամբ փլուզվել է անկախ և լավ պահպանվող ներքին էներգահամակարգը, որն ապահովում էր ուրան հարստացնող ստորգետնյա ցենտրիֆուգների աշխատանքները: Ըստ նրանց՝ խոսքը «իսրայելական գաղտնի գործողության մասին է»: Նաթանզում աշխատանքները վերականգնելու համար կպահանջվի առնվազն 10 ամիս:

Պետքարտուղարությունում հրաժարվել են հաստատել թերթի տեղեկությունները:

Իր հերթին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին, հայտարարել է, որ միջադեպի հետևանքով շարքից դուրս են եկել IR1 ցենտրիֆուգներ, որոնք փոխարինվելու են նոր տեսակի ցենտրիֆուգներով:

«Սա հանցագործություն է մարդկության դեմ, և նման հանցագործությունները հեռու չեն սիոնիստական ռեժիմի էությունից: Իրանի պատասխանը սիոնիստական ռեժիմից վրեժն է լինելու»,-ասել է Խաթիբզադեն: Հավելենք, որ Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարը Թեհրանը ահաբեկչական գործողության հետևանք էր որակել:

Back to top button
Close