Նորություններ

Գերիների, անհետ կորած զինծառայողների հարազատները կհանդիպեն Փաշինյանին, որից հետո կորոշեն իրենց անելիքները

Անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողները դժգոհ էին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից։ Զոհված զինծառայողի, ում մարմինը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների արդյունքում, հայր Գարիկ Մխիթարյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ գերիների հարցով կոնկրետ պատասխան չեն ստացել, իսկ բանակի վերաբերյալ հարցերին տրվել են իմիջիայլոց պատասխաններ։

ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպել է զինծառայողների 57 հարազատ։ Որպեսզի յուրաքանչուրն առանձին իր պատմությունը չներկայացներ հանդիպման ընթացքում, որոշվել է երկուշաբթի օրվանից ՊՆ-ում զինծառայողների հարզատներին ընդունել, յուրաքանչյուրի հարցով զբաղվել՝ հասկանալու զինծառայողի պատմությունը, թե ինչպե՞ս և որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել, որպեսզի առանձին քայլեր ձեռնարկեն։

«Մինչև հիմա քննություն էլ չի կատարվել, հասկանալու՝ որտե՞ղ է խնդիր եղել, որտե՞ղ են թերացել, ո՞ր ուղղությամբ ի՞նչ սխալ հրաման են տվել, որի հետեւանքով հողեր են հանձնել ու երեխաներին վնասել»։

Զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը հավանաբար կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հասկանալու ինչ պայմանավորվածություններ կան գերիներին հետ վերադարձնելու հարցում։ Երկու հանդիպման արդյունքները համադրելով հարազատները հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն։

Իսկ թե երբ կլինի վարչապետի հետ հանդիպումը, պարզ կլինի երկուշաբթի օրը։

Back to top button
Close