Նորություններ

«Եթե քաղաքական ուժերը կարողանան հստակ ծրագրեր ներկայացնել, ապա ընտրությունները կարող են լինել շատ արդյունավետ, իսկ եթե ոչ, կարծում եմ, բախումներ կլինեն»

«Եթե վարչապետը հայտարարել է, որ հունիսի 20-ին լինելու են ընտրություններ, դեռ չի նշանակում, որ հունիսի 20-ին դրանք տեղի կունենան: Ես կարող եմ տասնյակ օրինակներ բերել, երբ վարչապետը ինչ-որ բան է հայտարարել և արել տրամագծորեն հակառակը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություններին:

Ըստ քաղաքագետի՝ հավանականությունը, որ կարող են լինել ընտրություններ, 50/50 է:

«Առավել ևս, երբ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ դեռ միանշանակ չէ, որ ինքը կստորագրի, և հավանական է, որ կդիմի ՍԴ:

Բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ պայքարը սկսվել է, և դատելով քայլերից՝ կարելի է նկատել, որ նախընտրական պայքարը լինելու է բուռն, շատ ագրեսիվ հռետորաբանությամբ, բայց բովանդակազուրկ: Եթե հիմնական պայքարն ընթանա Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, մենք ականատեսն ենք լինելու բովանդակազուրկ ընտրապայքարի»,- շարունակեց Բաղդասարյանը:

Քաղաքագետը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ընտրացուցակի, նշեց.

Արմեն Բաղդասարյան

«Դա իհարկե կունենա որոշակի ազդեցություն ընտրությունների ելքի վրա, բայց դա ոչ թե կօգնի իշխանություններին ավելի շատ ձայներ հավաքելու, այլ կխանգարի ընդդիմությանը շատ ձայն հավաքել, որովհետև ընդդիմությունը բավականին լուրջ անհատականություններ ունի, իսկ փակ համամասնականով ընտրությունների գնալը նշանակում է այդ մարդկանց ֆինանսատնտեսական ռեսուրսը, նրանց ազդեցությունը նվազեցնել:

Կարծում եմ՝ իշխանությունը նման որոշում է կայացրել՝ ելնելով իր շահերից»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ընտրությունների միջոցով թարմացում պետք է լինի գաղափարական դաշտում, ոչ թե դա պիտի անձերով պայմանավորել:

«Քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն ոչ թե իրենց անցած ճանապարհը, այլ պիտի ներկայացնեն հստակ ծրագիր, թե ինչպես են պատրաստվում Հայաստանը դուրս բերել այս խայտառակ ծանր իրավիճակից:

Եթե քաղաքական ուժերը կարողանան այդպիսի հստակ ծրագրեր ներկայացնել, ապա ընտրությունները կարող են լինել շատ արդյունավետ, իսկ եթե ոչ, կարծում եմ, բախումներ կլինեն»:

Քաղաքագետը, անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, որով նա վերահաստատում է իր մասնակցությունը ընտրություններին, հայտարարեց.

«Քոչարյանը արդեն հայտ է ներկայացրել քաղաքականություն, և կարծում եմ, որ կկարողանա իր շուրջ որոշակի մոբիլիզացիա ապահովել, բայց չեմ կարծում, որ նա կարող է ընտրությունների միջոցով հասնել հաջողության, որովհետև հասարակության զգալի մեծամասնության հիշողությունը բավականին թարմ է, և հիշում են նրա կառավարման տարիները:

Կարծում եմ, որ Քոչարյանը կլինի հիմնական դերակատարներից մեկը, բայց նաև կարծում եմ, որ նախքան ընտրությունները կձևավորվի նաև երրորդ բևեռը:

Հայաստանի առջև բազմաթիվ մարտահրավերներ կան, և ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն ոչ միայն լուծելու այդ խնդիրները, այլ նաև հաճախ գլխի չեն ընկնում, որ այդպիսի խնդիրներ կան: Հայաստանին պետք են նոր իշխանություններ և, որ կարևոր է, հասարակության վստահությունը վայելող իշխանություններ: Դա հնարավոր է անել միայն ընտրությունների միջոցով և ոչ թե, օրինակ, այդ 17-ի քարոզի ֆորմատով, որ պարզապես պահանջում էին իշխանությունների հրաժարականը: Այսինքն՝ միակ քաղաքակիրթ տարբերակը ընտրություններն են, իսկ թե ինչ որակի ընտրություններ կլինեն, կախված է քաղաքական դաշտից»,- ավելացրեց Բաղդասարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ իշխանությունները հնարավոր բոլոր ձևերով կեղծելու են ընտրությունները:

«Ընդ որում, կեղծիքը միայն կաշառքը կամ թվանկարչությունը չէ, ես կեղծիք եմ համարում բացահայտ քարոզչական մանիպուլյացիաները: Ծանր վիճակում գտնվող հասարակության զգացմունքների հետ մանիպուլյացիաներ անելը, պարզ ասած՝ խաբելը նույնպես կեղծիք եմ համարում:

Ես վստահ եմ, որ իշխանությունները իրենց «զինանոցի» բոլոր «զենքերը» կօգտագործեն  ընտրությունները կեղծելու համար»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close