Նորություններ

«Քոչարյանը միակ պատասխանատուն է մարտի 1-ին տեղի ունեցած ամեն ինչի համար». իրավապաշտպան

«Մարտի 26-ի ՍԴ-ի որոշումից հետո ինձ համար սպասելի էր, որ դատարանը պիտի կարճի Մարտի 1-ի գործը: Ես կարծում եմ, որ սա ՍԴ-ի դատարանի խնդիր չէ, դա այլ քաղաքական որոշում է կայացվել՝ փակել Մարտի 1-ի գործը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատարանի երեկվա որոշմանը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց։

Իրավապաշտպանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործը կարճվեց, այլ շանսեր այս պահին չկան։

«Եթե ՍԴ-ի և դատարանի որոշումից հետո հանրապետության վարչապետը որևէ ձայն չի հանում, ես դա ընդունում եմ որպես լուռ համաձայնություն»:

Ալեքսանյանի խոսքով՝ իշխանության խոստումները, թե կա քաղաքական կամք՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու, դրանք քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար էին ասվում:

«Ամեն նոր իշխանություն փորձում է հայտարարություններով առաջնորդվել ցույց տալու համար, որ ինքը նախորդներից զորեղ է:

Մեր երկիրը ընդհանրապես անմարդկային երկիր է, և հեղափոխությունից հետո էլ մեր երկրում բան չի փոխվել: Մարտի 1-ի զոհերի հարազատները մատնված են անտարբերության, ինչպես 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները»:

Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից արված հայտարարությանը, թե մասնակցելու է արտահերթ ընտրություններին, հայտարարեց.

«Քոչարյանի մասնակցությունը ընտրություններին չի կարող ինչ-որ բան փոխել, եթե անգամ ինչ-որ քանակով ձայն հավաքի, որովհետև նրա նկատմամբ կա շատ խորը մերժում:

Մարտի 1-ը մեր աչքի առաջ է տեղի ունեցել, այդ անպատժելիությունը, լայնածավալ արյունոտ իրադարձությունը չի կարող մոռացվել, և այդ մարդու վրա մնացել են արյան կարմիր բծերը:

Չեմ կարծում, որ Քոչարյանը կարող է ինչ-որ չափի ձայներ հավաքել, և մեր հանրությունը նրան տեղ կտա:

Ճիշտ է՝ նա ասելու է, որ ինքը «կրելու» է, բայց մենք լավ ենք հիշում նրա բռնի իշխանությունը, և ոչ մի ցանկություն չկա այդպիսի մարդու վերադարձին սպասելու:

Քոչարյանը միակ պատասխանատուն է մարտի 1-ին տեղի ունեցած ամեն ինչի համար:

Կեղծիքը, որ հիմա նրա ձեռքին է, ըստ որի՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, ոչինչ է մեր տեսածի, զգացածի, այսքան տարի մեր ապրումների համար:

Ես պետք է ասեմ, որ հեղափոխությունը չիրագործվեց. հեղափոխական կառավարությունը չկատարեց խոստումը, ոչինչ չարեց, բացի մարդկանց դատարկ հույսեր տալուց, բայց մարդկանց մեջ մի բան փոխվեց. մարդիկ կեղծիքից հրաժարվում են և մերժում են կեղծիքը»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Ալեքսանյանը, այնուամենայնիվ, լիահույս է, որ Մարտի 1-ի գործը մի օր անպայման կբացահայտվի:

«Ես ուզում եմ հորդորել Մարտի 1-ի զոհերի և տուժածների հարազատներին, որպեսզի չհուսահատվեն, անպայման այս գործը բացահայտվելու է, մեղավորները պատժվելու են: Չի կարող այս գործը մնալ առանց բացահայտվելու:

Հիմա Հայաստանը շատ ծանր վիճակում է, և հետպատերազմական շրջանում շատ դժվար է խոսել բացահայտումների և այս իշխանության կամքի մասին, որ կարող էր գործը տանել դեպի բացահայտում: Ես հավատում եմ, որ մենք կձևավորենք նոր իշխանություն, որը կարող է փոխել իրավիճակը, անարդարության մթնոլորտը»,-եզրափակում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ դատարանի որոշմամբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՔՕ-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց:

Նշենք, որ մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող որոշումը։ ՍԴ-ն գտել է, որ վիճարկվող 300․1 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ կետերին։

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրված հենց վերոհիշյալ՝ 300․1 հոդվածով։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close