Նորություններ

«Տպավորություն են ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանի միակ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, և այդ խաղի մեջ փափագում են Քոչարյանի վերադարձը». Ն.Կարապետյանց

«Այն բոլոր հարցերը, որ փորձում են ոտքի վրա արագ-արագ լուծել, կարող էին քննարկվել հեղափոխության այն փուլում, երբ պառլամենտը գործող իշխանությանն էր, և հիմա մանր-մունր լուծումները լուրջ ընդունել հնարավոր չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Կարապետյանցը շեշտում է, որ ինքը կողմնակից է փոփոխություններին, բայց այն իրադարձությունները, որոնք վերջին պահերին են զարգանում, առնվազն մտավախություններ են առաջացնում:

Կարապետյանցի կարծիքով՝ արտաքին միջամտություններ կլինեն ընտրությունների ելքի և ընթացքի վրա։

Նինա Կարապետյանց

«Դա տեսնում ենք այնքանով, որքանով որ քաղաքական ուժերը իրար հերթ չտալով հայտարարում են, որ գնում են ՌԴ ինչ-որ պաշտոնյաների հետ հանդիպման, հեռախոսազրույցներ, քննարկումներ են ունենում: Այսինքն՝ շատերը փորձում են իրենց վաճառել այլ երկրի և դրա դիմաց ստանալ սատարում: Նրանք, ովքեր դրսից չունեն սատարում, Հայաստանում քիչ շանսեր ունեն:

Պրոպագանդան, որ առանց Ռուսաստանի չենք կարող ապրել, իր ազդեցությունը թողնելու է ընտրությունների արդյունքների վրա:

Այսօր շատ են խոսում, թե ով ինչ կարգի մտերիմ է ՌԴ նախագահի հետ, և դրա հետ են կապում հնարավոր ընտրվելիությունը:

Այնպես որ, արտաքին միջամտությունը անխուսափելի է, հատկապես որ ՌԴ-ի հավակնությունները հաշվի ենք առնում:

ՌԴ-ն անկախ այն հանգամանքից՝ Նիկոլ Փաշինյանը կլինի ՀՀ վարչապետ, թե ցանկացած մեկ այլ անձ, շահագրգռվածություն ունի Հայաստանին տեսնել իրենից կախվածության մեջ գտնվողի կարգավիճակում»:

Ըստ Կարապետյանցի՝ Ռուսաստանին Հայաստանը պետք է ոչ թե որպես գործընկեր, այլ պետք է կախվածության մեջ գտնվող, նվազագույն սուվերենություն ունեցող հանրապետություն:

Իրավապաշտպանը, անդրադառնալով դատարանի երեկվա որոշմանը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցվում է, հայտարարեց.

«Ինձ համար կանխատեսելի էր, որովհետև մի ամբողջ համակարգ տարիներ շարունակ Մարտի 1-ի գործը կոծկած է պահել: Այդ ամեն ինչի մեջ ներգրավված է եղել մի ամբողջ պետական համակարգ՝ սկսած շարքային քննիչներից, վերջացրած դատավոր ու դատախազ: Չբարեփոխված համակարգի պարագայում դա շատ էլ կանխատեսելի էր: Ես զարմանում էի, որ թե ինչի վրա են հույսերը դրել նրանք, ովքեր կարծում են, որ այդ գործը կբացահայտվի, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կոծկել են այս գործը, նրանց հանձնարարվել էր բացահայտել այս գործը»:

Նինա Կարապետյանցը, անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծավալուն հարցազրույցին, ասում է՝ տպավորությունն այնպիսին էր, որ Քոչարյանը գնացել էր Հայաստանը վարկաբեկելու:

Իսկ այն հայտարարությանը, որով նախկին նախագահը վերահաստատում է իր մասնակցությունը ընտրություններին, իրավապաշտպանը ասում է.

«Տապավորություն են ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանի միակ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, և այդ խաղի մեջ փափագում են Քոչարյանի վերադարձը: Դա իրականությանը չի համապատասխանում, մենք առողջ քաղաքական ուժեր ունենք:

Հույս ունենանք, որ ժողովուրդը կունենա այնքան ողջամտություն, որ թույլ չի տա հանցավոր ռեժիմին վերադառնալ՝ որևէ տեսքով, որևէ փաթեթավորմամբ: Ժողովուրդը թույլ չի տա, որ հեղափոխությունը բազմակի անգամ տապալվի, քան տապալեց այս իշխանությունը»,- եզրափակում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close