«Ես գրեթե բացառում եմ, որ Մարտի 1-ի գործով հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել, արդեն իսկ կարելի է ջախջախված համարել». Ն.Նորիկյան

Դատարանի որոշմամբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց։
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով՝ ճակատագրի ծաղրն է, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը արդարացվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

«Դեռևս 3 տարի առաջ, երբ նոր էր բացվել քրեական գործի վարույթը, առաջին իրավաբաններից մեկն եմ եղել, ով շահագրգիռ լինելով Մարտի 1-ի գործի բացահայտմանը, շատ հրապարակային ասել եմ, որ սխալ մեղադրանք է առաջադրված, և որ դա գործը տանելու է փակուղի: ՀՔԾ-ին, դատախազությանը կոչ եմ արել Մարտի 1-ի գործով բոլոր ենթադրյալ հանցագործների արարքներին տալ ճիշտ իրավական գնահատական:
2018 թ.-ին, երբ բացվեց Մարտի 1-ի քրգործի վարույթը, Ռոբերտ Քոչարյանի և մնացած այլ անձանց արարքներին իրավական ճիշտ գնահատական չտրվեց:
Սերժ Սարգսյանը ընդհանրապես դուրս մնաց այս գործընթացից, ինչը ինձ համար անհասկանալի էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի խոսքով՝ մենք հիմա գործ ունենք ոչ կոմպետենտ իրավապահ համակարգի հետ, որոնք տապալել են գործը, և հետևաբար պետք է ենթարկվեն պատասխանատվության:
«Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հստակ գնահատական տա իրավապահ համակարգի աշխատանքների վերաբերյալ և ձեռնարկի կոնկրետ քայլեր նրանց պատասխանատվության խնդիրը առաջ դնելու համար:
Հակառակ պարագայում ես կարող եմ մտածել, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի սրտով է»,- ասում է փաստաբանը:
«Սա ՀՀ իրավապահ համակարգի փնթի, անարդյունավետ, տապալված, ձախողված քաղաքական գործունեության հետևանքն է: Հարց է առաջանում՝ ո՞վ է Մարտի 1-ի համար պատասխանատու:
Իսկ թե Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտվեց, թե ոչ, պետք է հարցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքն էր մի քանի անգամ բարձր մակարդակով հայտարարում, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է:
Ես ակնկալում եմ, որ բացահայտ ժողովրդին ասի՝ ի՞նչն է բացահայտված, ովքե՞ր են մարդասպանները, նրանց հրաման տվողները:
Ես ինքս առիթ ունեցել եմ արձանագրելու, որ Մարտի 1-ի քրգործով վարույթը՝ թե՛ ՍԴ-ում, թե՛ Ընդհանուր իրավասության դատարանում, թե՛ առանձնացված մասով այս պահին ՀՔԾ-ում քննվող, ամբողջությամբ ձախողված է, և գործող իշխանությանը չհաջողվեց բացահայտել ճշմարտությունը: Հանցագործները շարունակեցին մնալ ազատության մեջ, ժողովրդի վրա կրակողները մնացին անպատիժ, իսկ դա գործող իրավապահ համակարգի խայտառակության հետևանքն է:
Ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի բոլոր ղեկավարները պետք է ներկայացնեն հրաժարական, եթե հրաժարական չեն ներկայացնում, ապա պետք է քաղաքական առումով խնդիր դրվի նրանց հեռացնելու և պատասխանատվության ենթարկելու»,- շարունակում է փաստաբանը:
Նորայր Նորիկյանը բացառում է, որ Մարտի 1-ի գործով հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել:
«3 տարի շարունակ հանրությանը տրվեցին սին խոստումներ, հանրությանը պահեցին պատրանքների մեջ, և արդյունքում կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Ես չեմ հավատում, որ այլևս այս իրավապահ համակարգի պայմաններում հնարավոր է որևէ դրական արդյունք ակնկալել՝ ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլ նաև օրինականության վերականգնման գործընթացում:
Միանշանակ ակնհայտ է, որ գործող իրավական համակարգը պատրաստ չէր այդպիսի ծավալով գործ քննելու, հանցագործություն բացահայտելու և իրապես հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»:
Անահիտ Չալիկյան