ՆորություններՍպորտ

ՉԼ․ Խելահեղ վերջաբան․ Սիթին 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց Բորուսիային

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և 2-1 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ։ Խաղը կայացավ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։

Հանդիպման հաշիվը խաղի 19-րդ րոպեին բացեց անգլիական թիմի բելգիացի հարձակվող Քևին դե Բրույնեն։ Էմրե Ջանը խաղադաշտի կենտրոնում կոպտորեն սխալվեց՝ գնդակը նվիրելով մրցակցին, ինչից հետո էլ սկսվեց Գվարդիոլայի թիմի գոլային գրոհը, արդյունքում Դե Բրույնեն՝ Ֆոդենի ու Մահրեզի հետ խաղարկելով գնդակը, այն մեկ հպումով ուղարկեց դորտմունդցիների դարպասը։

30-րդ րոպեին էլ դարձյալ Էմրե Ջանի գործողությունների արդյունքում կարող էր 11-մետրանոց նշանակվել «Բորուսիայի» դարպասին։ 27-ամյա ֆուտբոլիստը սեփական տուգանայինում կոպիտ խաղաց Ռոդրիգոյի հետ պայքարում ու զգուշացվեց դեղին քարտով, հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոցը, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո՝ չեղարկեց իր որոշումը։ Ջանը պահանջեց, որպեսզի իր դեղին քարտը ևս չեղարկվի, սակայն այն մնաց ուժի մեջ, հավանաբար՝ ավելորդ խոսքերի համար։

Երկրորդ կեսում «Բորուսիան» սկսեց շատ ավելի ակտիվ գործել ու խաղը փրկելու մի քանի լավ հնարավորություն ունեցավ, ինչից հյուրերը կարողացան օգտվել միայն խաղավարտին։ 84-րդ րոպեին գերմանացիների հերթական գրոհի ժամանակ Հոլանդը մեկ հպումով գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Մարկո Ռոյսն ընդունեց գնդակն ու այն ուղարկեց տանտերերի դարպասը։

Ի դեպ, Ռոյսն արդեն Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» կազմում 18 գոլ է խփել ու ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է այս մրցաշարում։

Ամեն ինչ, սակայն, այսքանով չավարտվեց․ լարված վերջաբանով խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում Ֆիլ Ֆոդենը՝ 90-րդ րոպեին աչքի ընկավ խփած գնդակով ու անչափ կարևոր հաղթանակ պարգևեց իր թիմին։

Հիշեցնենք՝ այս թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Դորտմունդում։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։

Back to top button