ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

44 երեխա՝ 39 տարեկանում. Մարիամն առաջին երկվորյակին լույս աշխարհ է բերել 13 տարեկանում, 2 տարի անց ծնվել է եռյակը, հետո քառյակը… եւ այդպես շարունակ

Այս կինը լույս աշխարհ է բերել 6 երկվորյակի, 4 եռյակի և 3 քառյակի: Երբ երեխաների թիվը հասել է 18-ի, նա որոշել է կանգ առնել, սակայն բժիշկները խորհուրդ չեն տվել՝ պնդելով, որ դա վտանգավոր է նրա կյանքի համար: Ինչպե՞ս է ապրում մոլորակի ամենաշատ երեխաներ ունեցող մայրը:

Ուգանդացի Մարիամ Նաբատանզի Բաբիրյեի մանկությունը նման է Գրիմ եղբայրների սարսափելի հեքիաթին: Նրա մայրը մահացել է, երբ աղջիկն ընդամենը երեք օրական էր: Ընտանիքում, բացի Մարիամից, ապրում էին եւս հինգ երեխա: Շուտով հայրը կրկին ամուսնացել է: Խորթ մայրը ատում էր Մարիամին, նրա եղբայրներին ու քույրերին, եւ որոշում է կայացրել ազատվել նրանցից: Կինը երեխաներին կերակրել է ճաշով, որի մեջ մանրացված ապակի է լցրել: Բոլոր երեխաները մահացել են, բացառությամբ Մարիամի, ով փախել է իր բարեկամուհու տուն:

Սակայն խորթ մայրը մտադիր էր ոչ միայն ազատվել աղջկանից, այլեւ եկամուտ ստանալ նրանից: Երբ Մարիամը 12 տարեկան էր, խորթ մայրը փողի դիմաց ամուսնացրել է նրան 40-ամյա տղամարդու հետ:

Ամուսնու հետ ընտանեկան կյանքն ավելի լավ չի ստացվել, քան խորթ մոր հետ: Տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր երիտասարդ կնոջը:

Հարսանիքից հետո ամուսնու հայրը նորապսակներին մի փոքրիկ հողակտոր էր տվել, որպեսզի ամուսինները կարողանան տուն կառուցել և երեխաներ ունենալ: Մարիամը երազում էր, որ նրանք 6-ը լինեին: Իր առաջին երկվորյակին նա լույս աշխարհ է բերել 13 տարեկանում, երկու տարի անց ծնվել է եռյակը, իսկ մեկ տարի յոթ ամիս անց՝ քառյակը:

Աղջիկը զարմացած չէր, քանի որ լավ գիտեր իր ժառանգական անսովոր հատկությունների մասին:

«Հայրս ուներ 45 երեխա տարբեր կանանցից, և միշտ ծնվում էին երկվորյակներ, եռյակներ, քառյակներ և նույնիսկ հնգյակներ»,-պատմում է Մարիամը:

18 երեխաների լույս աշխարհ գալուց հետո նա որոշել է կանգ առնել և օգնության խնդրանքով դիմել է տեղի բժշկին: Վերջինս հայտնել է, որ կինը տառապում է ձվաբջիջների ավելցուկից, և անհնար է դադարեցնել հղիությունը. դա կարող է սպանել նրան:

Ուգանդայի գինեկոլոգների և մանկաբարձների ասոցիացիայի նախագահ, դոկտոր Չարլզ Կիգունդուն հետագայում կարծիք է հայտնել, որ բժիշկը սխալվել է:

39 տարեկանում Մարիամը լույս աշխարհ է բերել 44 երեխայի: Վերջինս միակն էր, ով ծնվել է կեսարյան հատման միջոցով:

Ըստ Մարիամի՝ երեխաների հայրը երբեք չի հետաքրքրվել իրենց կյանքով. անգամ երեխաներին անուններ է տվել հեռախոսով:

Մարիամի 44 երեխաներից ողջ են մնացել 38-ը, որոնց ապահովումն այն բարդ խնդիրն է, որի շուրջ այժմ պտտվում է մոր ամբողջ կյանքը:

Հողամասը, որի վրա գտնվում է Մարիամի տունը, չափազանց փոքր է սեփական ֆերմա հիմնելու համար: Կինը գնում է ամբողջ սնունդը: Նա օրական գնում է 22 կիլոգրամ եգիպտացորենի ալյուր, 7 կգ լոբի, 2,5 կգ շաքար և երեք կտոր օճառ: Միսը, մրգերն ու բանջարեղենը Բաբիրյեների ընտանիքի սեղանի հազվագյուտ «հյուրերն» են:

Բաբիրյեն ստանձնում է ցանկացած աշխատանք: Նա սանրվածքներ է անում, հագուստ է կարում, աղանդեր է թխում, աղյուսներ տեղադրում, հարսնացուներին օգնում է հարսանեկան դեկորով և դիմահարդարմամբ: Նրա երազանքն է բոլոր երեխաներին կրթություն տալ, քանի որ Մարիամն ինքը երկու դասարան է ավարտել ու շատ է զղջում դրա համար: Նա օրական քնում է առավելագույնը 5 ժամ:

Չնայած ծանր կյանքին՝ Միրիամն ասում է. «Իմ երեխաներն իմ ուրախությունն ու երջանկությունն են, ոչ թե բեռը: Եվ ես հպարտ եմ, որ հոգ եմ տանում նրանց մասին: Երեխաներն ավելի լավ են զարգանում, երբ ունենում են մայրական սեր եւ հոգատարություն»:

Բաբիրյեն նաև կոչ է անում տղամարդկանց հիշել, որ ընտանիքն ընդհանուր պատասխանատվություն է, և երբեք իրենց աղջիկներին չամուսնացնել փողի համար, քանի որ դա կարող է կործանել նրանց կյանքը:

Աղբյուր՝ Cosmo.ru

Back to top button
Close