Նորություններ

Երեխայի ծնունդն էր, սեղանին արջուկ կար. մահացած 27-ամյա մոր ու դստեր մասին հարեւանները մանրամասներ են պատմում. armtimes.com

Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում 27-ամյա կնոջ ու 7-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել: Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ մայրն ու դուստրը բոլորովին վերջերս էին տեղափոխվել այդ բնակարան եւ վարձով էին ապրում:

Նրանք, ովքեր տեսել են նրանց անշնչացած մարմինները, շոկի մեջ են ու պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նման ողբերգության պատճառ դառնալ: Հարեւանների խոսքով՝ երիտասարդ մայրն ու աղջիկը առավելագույնը 10 օր է, ինչ տեղափոխվել էին այդ բնակարան: Հարեւանների մի մասն ընդամենը մեկ-երկու անգամ էր տեսել նրանց, մյուսները չէին էլ ճանաչում:

Կողքի բնակարանում ապրող տղամարդու խոսքով՝ գիշերը ժամը մոտավորապես 1-ի սահմաններում իրենց դռան զանգն է տվել մի երիտասարդ տղամարդ, ասել, որ քույրը հարեւան բնակարանում է ապրում, ներսում երեխայի հետ է ու բավականին երկար ժամանակ է՝ չի արձագանքում, խնդրել է թույլ տալ իրենց պատուհանից նրանց պատշգամբ մտնել:

«Ինչ կարող էինք անել, այլընտրանք չկար, պատուհանը բացեցինք, կողքի երկաթներից բռնվեց ու մի կերպ մտավ բալկոն, էդ ժամանակ էնքան լարված էինք, չգիտեինք՝ ներսում ինչ է կատարվում, ջրի ձայն էր գալիս, անհարմար տեղից էդ տղան էր փորձում մի կերպ պատշգամբ մտնել, օգնեցինք, մտավ, բախտը բերեց՝ պատշգամբի դուռը փականով փակած չէր ներսից: Մտել էր ու տեսել, որ մայր ու դուստր անշնչացած են»,- պատմեց հարեւան տղամարդը:

Նրա խոսքով՝ ականատեսների ու բժիշկների նախնական վարկածը գազի թունավորումն է, բայց դուռը բացելուց մի քանի րոպե հետո էլ ինքն է հարեւանի բնակարան մտել. գազի հոտ բոլորովին չի զգացել: «Բալկոնից ներս մտնող տղան ասաց, որ պատուհանը բաց է եղել, երեւի հասցրել էր բացել»,- ասաց հարեւանը:

Տանը պահել են նաեւ խամյակներ, որոնք սատկած են հայտնաբերվել:

Հարեւանի խոսքով՝ երբ ներս են մտել, լոգարանի տաք ջուրը բաց է եղել, ենթադրում են, որ այդ հատվածից է գազի արտահոսք եղել:

«Այդ օրը աղջկա ծնունդն է եղել, տանը սեղանին արջուկ էր դրված, բայց ուտելիքներ չկային, ամեն դեպքում բացված սեղան կար, որից կարելի էր ենթադրել, որ նշել էին ծնունդը: Գուցե հյուրեր էլ էին ունեցել, ես չեմ կարող ասել, մենք ոչինչ չենք լսել: Ամեն դեպքում այդ ժամանակ սառնարանը բացեց աղջկա քույրը, ես տեսա, որ կտրած տորթ կար. ծնունդի տորթն էր երեւի»:

Դիմացի հարեւանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նոր հարեւաններին ընդամենը մեկ-երկու անգամ էր տեսել: «Մի քանի օր առաջ սառնարան էին գնել, ինչ-որ մարդիկ տուն էի բարձրացնում, ես էլ տուն մտնելիս տեսա, որ իրենց տան դռները բաց են, փոքրիկ աղջկան էլ մի պահ տեսա, ուրախ թռվռում էր ու ասում՝ ինչ սիրո՜ւն տուն է»,- ասաց նա:

Տունը 27-ամյա աղջկան վարձակալությամբ տված Ն.-ն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ աղջիկը կյանքով լի, նորմալ, ադեկվատ մարդու տպավորություն է թողել, ու գաղափար չունի, թե ինչ կարող է եղած լինել: «Եկել է, ասել, որ երեխայի հետ է ապրելու: Անգամ դեպոզիտն էլ դեռ չէր տվել, առաջին ամսվա վճարը տվեց ու մտավ: Վստահելի մարդ թվաց: Առաջին անգամ էինք տունը վարձով տալիս, ինչ իմանայինք, թե գլխներիս ինչ է գալու»,- ասաց նա:

Դիմացի հարեւան Ն.-ի խոսքով՝ գիշերը լացի ձայներ լսելուց հետո դուրս են եկել, հարեւանները զգուշացրել են, որ շատ առաջ չգնա: «Տեսա ընկած էր՝ մտածեցի ուշաթափվել է, հետո ասացին, որ մահացած է, նայեցի՝ մի փոքր էն կողմ էլ աղջիկն էր»,- ասաց նա: Հարեւանուհու խոսքով՝ ոչինչ չի կարող ասել, ոչ մի վարկած չունեն:

«Գաղափար չունենք, թե ինչից կարող էին մահանալ, ամեն դեպքում, երբ մտա, տունը ծննդի, առիթի տուն էր հիշեցնում, սեղանը դրած, խաղալիքը… Դռան մոտ էլ մինչեւ հիմա տոպրակով աղբ կա, մտածում ենք՝ գիշերը նշել են, հետո դա հավաքել, դուրս է դրել, դե սովորաբար մենք աղբը դռան մոտ չենք թողնում»,- ասաց նա:

Հարեւանուհու խոսքով՝ դեպքից հետո այսօր գազի գրասենյակից աշխատակիցներ են գնացել նշյալ բնակարան, բայց քանի որ դուռը ոստիկանները կապարակնքել են, նրանց չի հաջողվել զննում իրականացնել: «Աշխատակիցներից մեկին հարցրի, թե գազի՞ց է եղել, ասաց, որ շտապօգնությունը առաջին վարկածը գազի թունավորում է գրել, ըստ դրա էլ՝ իրենց ուղարկել են ստուգելու: Դուռը փակ էր, չմտան, թողեցին գնացին»,- ասաց Ն.-ն: Վերջինս նաեւ նշեց, որ երկար տարիներ դեմ-դիմաց ապրել են, ու նոր հարեւաններից առաջ այդ տանն այլ մարդիկ էին ապրում, իրենց հետ մտերիմ էին, գիտի՝ գազի խնդիր երբեւէ չի եղել:

armtimes.com

Back to top button
Close