«Թուրքիան նոր ցեղասպանություն է իրականացնում, ուր մնաց թե նախորդի համար ճանաչման գործընթաց սկսի». պատմաբան

«Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը արտասանի ցեղասպանություն բառը, բայց որ դա կոնկրետ հետևանքներ կունենա, այս պահին ռեալ չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան Էդիկ Մինասյանը:
«ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը, սենատը ընդունել են ցեղասպանությունը, և եթե կոնգրեսն էլ ընդունի և վերջնական հաստատվի ԱՄՆ-ի նախագահի կողմից, ապա դա նշանակում է, որ ԱՄՆ-ը իր ռազմավարական գործընկերոջը՝ ՆԱՏՕ-ի բլոկի երկիր Թուրքիայի վրա կարող է ճնշում գործադրել՝ ժողովրդավարության և այլ սկզբունքների կատարման խնդիրների հետ կապված որոշակի պարտադրանքի սկզբունքով»,- ասում է պատմաբանը:
«Ռեյգանը արել է «ցեղասպանություն» արտահայտությունը իր վարչապետության օրոք, դրանից հետո ԱՄՆ նախագահները օգտագործեցին «կոտորածներ», «մասսայական ջարդեր» արտահայտությունը:
Մենք միայն «ցեղասպանություն» արտահայտությունով չպետք է բավարարվենք, դրան պետք է կոնկրետ քայլեր հաջորդեն, այլ կերպ ասած՝ Թուրքիայի վրա ճնշում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և կոնկրետ աշխատանք պիտի տարվի: Դա իրենից ենթադրում է տարածքների վերադարձի խնդիր, նյութական փոխհատուցումներ և այլն: Թե չէ ուղղակի ճանաչումը ոչինչ չի կարող տալ, բացի բարոյական սփոփանքից: Գլխավորը պետք է լինի ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը»,- շարունակում է Էդիկ Մինասյանը:
Պատմաբանը քիչ հավանական է համարում, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետև իր վարած քաղաքականության գլխավոր սկզբունքն է համարում ժխտողականությունը:
«Էրդողանը և նրա վարչակազմը ամեն կերպ աշխատում են, ձեռնարկում են ամեն տեսակի քայլեր՝ ցեղասպանության գործընթացը մերժելու համար:
Թուրքիան չի ճանաչի ցեղասպանությունը, մանավանդ որ արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հետ ցեղասպանության նոր դրսևորում իրականացրեց: Ուզում եմ ասել, որ Թուրքիան նոր ցեղասպանություն է իրականացնում, ուր մնաց թե նախորդի համար ճանաչման գործընթաց սկսի:
Շատ կարևոր է Թուրքիայի կողմից ճանաչումը, և պետք է Թուրքիային ստիպել, որպեսզի ճանաչի ցեղասպանությունը, կարող են Եվրամիության մեջ չընդգրկելը կարևոր պայման դնել կամ ենթարկել տնտեսական բլոկադայի: Թուրքիան սպառնալիքներ է հնչեցնում այն երկրների հասցեին, ովքեր ցեղասպանության ճանաչման գործընթաց են առաջ քաշում, և դրան անմիջապես հետևում է Թուրքիայի կողմից բլոկադա»:
Էդիկ Մինասյանի կարծիքով՝ Թուրքիան այն դեպքում կճանաչի հայոց ցեղասպանությունը, երբ հայտնվի տնտեսական մեկուսացման մեջ, և Թուրքիայի նկատմամբ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից կիրառվեն միասնական որոշակի քաղաքական սանկցիաներ:
«Այսօրվա վիճակով ես անհեռանկար եմ համարում այս հարցի լուծումը. մենք պարտություն կրած երկիր ենք, կանգնած ենք որոշակի խնդիրների առաջ, Սյունիքի հետ կապված ունենք անվտանգության խնդիր, և Թուրքիայից պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ ցեղասպանության ճանաչման հարցում. դա այս պարագայում իրական չէ: Լավատեսություն պետք է ունենալ, որ մի օր աշխարհը կճանաչի, և Թուրքիան ստիպված կլինի ճանաչել, բայց այսօրվա վիճակով կարծում եմ, որ բարոյական սփոփանքի ակնկալիք կարող ենք ունենալ»:
Անահիտ Չալիկյան