Նորություններ

«Մենք չենք կարող պնդել, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կլինեն. ճգնաժամը չի հաղթահարվի». Արայիկ Պապիկյան

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ:

«Համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը ինքնին լավ բան է, բայց եթե այն կազմակերպելու է այսօրվա քաղաքական իշխանությունը, ով վերջին 3 տարիների ընթացքում ամեն ինչ տապալել է, ապա տապալվելու է նաև արտահերթ ընտրություններ կոչված ներկայացումը: Որևէ ակնկալիք չկա, որ արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարվելու է: Դա ընդամենը գործընթաց է, որով մի փոքր փոխվելու է խորհրդարանում ուժերի դասավորությունը»,-հայտարարեց Արայիկ Պապիկյանը:

«Համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը աշխատում է այն պետություններում, որտեղ կա արդար և ազատ մրցակցություն, և պետությունը, որպես այդպիսին, ինքնիշխան է: Իսկ ՀՀ ներքին կյանքին առնչվող որոշումները կայացվում են Կրեմլի կաբինետներում։ Ես, կողմնակից լինելով համամասնական փակ ընտրակարգին, այսօր որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ Հայաստանում այդ լավ ընթացակարգը կարող է արդյունք տալ, որովհետև մենք ինքնիշխան չենք»,- շարունակում է փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ սև ու սպիտակով, իրենց գույներով նոր խորհրդարան ենք ունենալու:

Արայիկ Պապիկյանը, անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին, նկատում է.

«Մենք նույնիսկ չենք կարող պնդել, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կլինեն, որովհետև չգիտենք՝ այսօրվա քաղաքական իշխանությունը ինչ վարքագիծ կդրսևորի»:

Եթե ուզում էինք, որ քաղաքական դաշտը առողջացվեր, պիտի պետությունը իրավաքաղաքական գնահատական տար նախորդ տասնամյակներում տեղի ունեցածին:

Երկիրը կեղեքած, քաղաքական դաշտը ապականած հիմնական գործիչները պիտի զրկվեն ընտրվելու իրավունքից, նրանք չեն կարող մասնակցել երկրի քաղաքական կյանքին, նրանք իրավունք չունեն, որովհետև նրանց պատճառով պետությունը սուբյեկտից դարձել է օբյեկտ. դա նրանց մեղքն է, և այդ մարդիկ այսօր պատրաստվում են նոր մանդատներ ստանալ, որպեսզի, ըստ իրենց խոսքերի, մեր երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարեն:

Եթե այդ հարցերը լուծված լինեին, մենք այսօր կարող էինք ակնկալիքներ ունենալ ընտրություններից, բայց հարցերը չլուծած և ունենալով ապաշնորհ ղեկավարման պրակտիկա՝ այդ մարդիկ շարունակում են ընտրություններ ներկայացումը կազմակերպել:

Հայաստանում կուսակցական-քաղաքական գաղափարախոսությունը բացակայում է, և միշտ եղել է անձ և իր համար ստեղծված կուսակցություն: Դա եղել է քաղաքական գործիչ կամ եղել է որևէ օլիգարխ. ստեղծել է կուսակցություն, որպեսզի մտնի խորհրդարան և այնտեղ իր ներկայացրած ուժը, քաղաքական թիմը սպասարկի իր բիզնեսները կամ իր քրեաօլիգարխիկ այլ ցանկությունները:

Ես ինքս էլ չեմ կարծում, որ մեր երկրում ճգնաժամը հաղթահարվելու է, որևէ ճգնաժամ չի հաղթահարվելու, և ափսոսանքով եմ ասում, որ յուրաքանչյուր օրը մեր պետությունից և մեզնից յուրաքանչյուրից է գնում»,- շարունակում է փաստաբանը:

Պապիկյանն ընդգծում է, որ կարելի էր փոխել ԸՕ-ն, և դրա համար կամք էր պետք և ցանկություն:

«2018թ. ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, իր առաջին կարգախոսը ԸՕ-ի փոփոխությունն էր, կուսակցությունների մասին օրենքի մասին բարեփոխում, նոր Սահմանադրություն, և այդ գործընթացներից որևէ մեկը մինչև այսօր չի կատարվել, և մեծ հաշվով դրա միակ պատասխանատուն այսօրվա քաղաքական ուժն է: Չեն կատարել, նախ և առաջ թույլ չեն տվել, որովհետև իրենք որոշում կայացնողներ չէին: Հիմա փաստի առաջ ենք կանգնել: Անունը դրել են՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար գնում ենք արտահերթ ընտրությունների, բայց ճգնաժամը այնքան խորն է, որ միայն ԸՕ-ում կոսմետիկ փոփոխությունները չի հաղթահարելու: Անհնար ոչինչ չկա, պարզապես պետք էր լուրջ և գլոբալ մոտենալ այդ խնդրին և ոչ թե սպասել վերջին օրով ինչ-որ բան անել»,- եզրափակում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button