Նորություններ

Մահվան ելքով վթարը դարձել է սպանության պատճառ․ Վանաձորի ոստիկանների բացահայտումը

Վանաձորի ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում կալանավորվել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա մի բնակիչ, որը, քննության տվյալներով, որսորդական հրացանով սպանել էր Վանաձորի 35-ամյա բնակչին՝ վրեժ լուծելով ավտովթարում իր քրոջ որդու զոհվելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարտի 23-ի առավոտյան հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներից մեկի դին։ 37-ամյա տղամարդուն սպանել էին իրենց շենքի բակում։

Ըստ աղբյուրի՝ Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել։

Ոստիկանությունից հայտնում են, որ համալիր հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Իրավապահների ձեռք բերած փաստական տվյալներով՝ սպանությունը կատարել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա մի բնակիչ։ Նա «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով գնացել էր 37-ամյա տղամարդու բակ, զանգել և նրան դուրս էր կանչել, ապա որսորդական հրացանով կրակել ու ապօրինաբար զրկել էր կյանքից։ «Իսկ պատճառը վրեժն էր, ավելի ստույգ՝ նախորդ օրվա ավտովթարը…

Մարտի 22-ին Վանաձոր-Դիլիջան ճանապարհին 37-ամյա տղամարդը «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ընկել հարակից ձորակը։ Վթարի հետևանքով ուղևորներից մեկը, որ կասկածյալի քրոջ որդին էր, մահացել էր, նա էլ որոշել էր վարորդից վրեժ լուծել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին կասկածվողը ներկայացավ Լոռու մարզային քննչական վարչություն։ Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բազում գյուղի տներից մեկում հայտնաբերեցին թաքցրած հրազենը։

35-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Back to top button