ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Պատերազմից հետո մեր կյանքը գլխիվայր շուռ է եկել, հիմա ապրելուս հույսը Արինաս է. փորձում ենք՝ ինչ ունենք, դրանով ուրախանալ և ապրել»

Արցախյան վերջին պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանը հատուկ ջոկատային էր, մինչև պատերազմը ծառայությունը անցել է Սովետաշենի զորամասում: Պատերազմի առաջին օրերից մասնակցել է համառ մարտերի՝ Քարվաճառում, Ջաբրայիլում, այնուհետև Հադրութում՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները: Հոկտեմբերի 10-ին Հադրութում ադրբեջանական դիվերսիան ոչնչացնելու ժամանակ երիտասարդ հետախույզը ստացել է ծանր վիրավորում, տեղափոխել են Երևան, բայց տասը օր անց Դավիթը մահացել է:

Դավիթ Խաչատրյանը ծնվել է 1991թ.-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Դավիթը պարտադիր ժամկետային ծառայությունից հետո որոշել է շարունակել ծառայել հայրենիքին: Դավիթ Խաչատրյանը ամուսնացած էր, ունի 1 դուստր (8 ամսական):

Արցախյան պատերազմում զոհված հետախույզի կինը՝ Մարի Թամոյանը, պատմում է, որ ամուսինը շատ էր սիրում զինվորականի մասնագիտությունը, հայրենիքը:

«Դավիթը կատարյալ մարդ էր և տղամարդու իդեալ: Շատ հոգատար էր, նվիրված՝ ընտանիքին, ընկերներին. բարի մարդ էր, կամեցող: Լավ ամուսին էր և լավ հայր. այն տարիները, որ ապրել եմ իր հետ, միշտ հիշելու եմ:

Դավիթը ինձ համար դաշնամուր նվագել էր սովորել, ինքը նոտաները չգիտեր, երբևէ չէր նվագել: Իր զինվորներից մեկն էր ամուսնուս դաշնամուր նվագել սովորեցրել, նկարահանել և ուղարկել էր ինձ:

Դավիթը ծառայության մասին շատ չէր սիրում խոսել, երբեմն պատմում էր իր զինվորների լավ արարքների մասին, սիրում էր իր զինվորներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Դավիթ Խաչատրյանի կինը:

Մարին պատմում է, որ պատերազմի օրերին, երբ ամուսնու հետ խոսել է, ամուսինն ասել է, որ լավ է, չանհանգստանան իր համար և իրենց լավ նայեն:

«Դավիթի հետ վերջին անգամ հոկտեմբերի 9-ին ենք խոսել, դրանից հետո չենք խոսել: Հոկտեմբերի 10-ին էլ առավոտից մինչև կեսօր հետը չէինք խոսել, մինչև վիրավորման մասին իմանալը:

Հարցնում էի՝ ինչ կա, ասում էր՝ դուք եք հեռուստացույց նայում, դուք պիտի ասեք՝ ինչ կա, ինչ չկա: Միշտ բարձր տրամադրությամբ էր խոսում, բայց մենք նոր ենք իմանում, որ էն ժամանակ, երբ հետը խոսում էինք, շրջափակման մեջ են եղել:

Դժվար է, ցավոտ է առանց Դավիթի, բայց պիտի շարունակենք արժանապատիվ ապրել, որ ինքն էլ վերևից նայի ու հպարտանա»,- շարունակում է հերոսի կինը:

Մարին ասում է, որ պատերազմից առաջ իրենք լիարժեք երջանիկ ընտանիք էին, իսկ պատերազմից հետո կիսատ են:

«Պատերազմից հետո մեր կյանքը գլխիվայր շուռ է եկել, հիմա ապրելուս հույսը Արինաս է: Պատերազմից հետո սկսել ենք ավելի գնահատել կյանքը… փորձում ենք՝ ինչ ունենք, դրանով ուրախանալ և ապրել:

Ես գիտակցում եմ, որ Դավիթը սիրում էր հայրենիքը և զոհվեց հանուն հայրենիքի»,- եզրափակում է հերոսի կինը:

Back to top button
Close