Նորություններ

«Հետևելով կատարվող իրադարձություններին՝ հակված չեմ կարծելու, որ ընտրությունները կլինեն բավարար թափանցիկ և բավարար ժողովրդավար». Գ. Միսկարյան

«Ես կարծում եմ, որ վարչապետի մարզային այցերը կարելի է որակել նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործում, որովհետև արդեն հայտարարվել է ընտրությունների օրը, և պետք է ասել, որ առանձնապես նման ակտիվություն չկար վերջին մի տարվա մեջ, բայց ընտրությունները հայտարարելուց հետո արշավը սկսվեց»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՔՈ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը:

Վերջինիս խոսքով՝ բնակավայրերում մարդկանց հետ հանդիպումների ժամանակ նրանք ժողովրդին տարբեր տեսակի խոստումներ են տալիս. դա վարչական ռեսուրսի ակնհայտ օգտագործում է:

Ըստ Միսկարյանի՝ ԸՕ-ի ընդունել և չընդունելու դեպքում հնարավոր կլինի ինչ-որ եզրակացություններ անել:

«Ընդհանրապես ընտրություններին պետք է նայել ոչ միայն որպես ճգնաժամը հաղթահարելու միջոց, այլ ժողովրդավարական գործընթաց, որտեղ թե՛ քաղաքական ուժերն են ավելի հասունանում, և թե՛ ժողովուրդն է ավելի քաղաքականապես հասունանում:

Այսինքն՝ գործընթացն անխուսափելի է, եթե մենք ընտրել ենք ժողովրդավարական պետություն ստեղծելու ուղին»:

Գարեգին Միսկարյանն ասում է՝ եթե ընտրությունների գնանք ԸՕ-ով, լինելու է նույնը, ինչը եղել է մինչև հիմա, այսինքն՝ ոչ որակական Ազգային ժողով ենք ունենալու:

Միսկարյանը, անդրադառնալով այն տեսակետներին, թե արտահերթ ընտրությունները 2 ուժերի միջև է տեղի ունենում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների և գործող իշխանության, հայտարարեց.

«Դա 2 ուժերի շահերից բխող դիրքորոշում է, որը իրենք փորձելու են տարածել, որպեսզի քաղաքացուն չտան այլընտրանքի հնարավորություն: Բաղրամյան փողոց փակելը և այդ պրոցեսները միտված են դրան, որպեսզի ստեղծվի կեղծ տպավորություն, թե ՀՀ-ում այդ երկու ուժերի միջև է գնում պայքարը և այդ ուժերի մեջ է լուծումը:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հենց ստեղծման օրվանից պայքարում է քաղաքական դաշտի առողջացման համար: Մենք միշտ պնդել ենք, որ արտահերթ ընտրությունը պետք է պատերազմից հետո լինի, չնայած նրան, որ գործող իշխանությունը տատանվում էր, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հասնել նրան, որ գոնե հայտարարվեց արտահերթ ընտրությունների օրը:

Հետևելով կատարվող իրադարձություններին՝ ես հակված չեմ կարծելու, որ դրանք կլինեն բավարար թափանցիկ և բավարար ժողովրդավար: Մյուս կողմից էլ՝ ընտրությունների չգնալը խնդիրները չի լուծելու. այնպես որ, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ընտրությունները լինեն թափանցիկ և ժողովրդավար, իսկ բոլորիս պարտքն է, որ հաջողվի»:

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամը չի բացառում, որ ընտրություններին կարող են լինել նաև արտաքին միջամտություններ:

«Արտաքին միջամտությունը հատուկ է թույլ պետություններին, իսկ մենք թույլ պետություն ենք, որովհետև չունենք ներքին անվտանգային համակարգ, կայուն քաղաքական համակարգ, կայացած ինստիտուտներ, որպեսզի կարողանանք բավարար հակազդել: Թե ով ինչքանով կազդի կամ կփորձի ազդել, դժվար է այս պահին գնահատել»:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button