«Շաբաթը 3 անգամ թուրքերը մեր գյուղով անցնում, բարձրանում են Շուշի. մարդիկ իհարկե ունեն մտահոգություններ». Շոշի համայնքապետ

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կյանքը վերադառնում է նախկին բնականոնությանը: Իրավիճակն ընդհանուր կայուն է, բայց սահմանամերձ գյուղի բնակիչներին անհանգստացնում է այն փաստը, որ թշնամին ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում:
ԳԱԼԱ-ն զրուցել է Ասկերանի շրջանի Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանի հետ:
«Շաբաթը 3 անգամ թուրքերը մեր գյուղով անցնում, բարձրանում են Շուշի: Մարդիկ իհարկե ունեն մտահոգություններ, բայց դրան զուգահեռ մարդիկ գործում են՝ աշխատում են դպրոցներ, մանկապարտեզները:
Այսօրվա դրությամբ Շոշում ապրում է մինչև 390 մարդ, բայց մարդիկ պատերազմից հետո կամաց-կամաց վերադառնում են իրենց տները:
Այս պահին փորձում ենք վերականգնել վնասված տները, դրանք 10-ից ավելի են: Կան նաև մասնակի և լրիվ վերականգնման կարիք ունեցող բնակարաններ:
Տեսնենք, ինչ կլինի»,- նշեց Շոշի համայնքապետը:
Համայնքապետի խոսքով՝ շոշեցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսական աշխատանքն է:
Էրիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ թշնամու դիրքերն իրենց գյուղից ընդամենը 250 մետր հեռավորության վրա են։
Ասում է՝ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, սահմանամերձ գյուղի բնակիչն իր հույսը միշտ իր վրա է դնում, իր տունը ինքն է պաշտպանում:
«Ամեն մարդ ինքն է իր ընտանիքի անվտանգությունը երաշխավորում, թշնամին կոնկրետ Շոշի նկատմամբ ոտնձգություններ չի անում, բայց օրը մեկ գիշերները Շուշիի կողմից կրակոցներ են լինում»,- եզրափակեց Էրիկ Աբրահամյանը: