ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Պատերազմում կորցրի 3 եղբայրներիս, միակ հարազատ եղբորս՝ Սարգսին, հորաքրոջս և հորեղբորս տղաներին». 30-ամյա հերոսի քրոջ պատմությունը

«Մենք մի եղբայր ու քույր էինք, Սաքիս հետ շատ հեշտ էր: Ամեն օր իրար հետ գնում էինք աշխատանքի ու իրար հետ տուն էինք գալիս: Հավասարակշռված էր, լուրջ, ընտանիքին նվիրված, շատ խելացի, հարգանքով: Շատ էինք իրար հետ կիսվում, պատմում մեր կյանքի մասին: Շատ էինք իրար վստահում ու աջակցում: Մեծը նա էր, իմ մասին ասում էր՝ «Լուսը իմ քուրը չի, Լուսը իմ ախպերն է: Սեպտեմբերի 27-ին Սաքս ծանուցում էր ստացել: Մոտեցա ես էլ նայեցի, միասին քայլեցինք տուն: Ես ինձ թույլ չտվեցի անգամ ասել, թե մի գնա: Ես ինձ պաշտպանված էի զգում ու զգում էի, որ իր գնալով մի ամբողջ ազգ իրեն պաշտպանված է զգալու: Ամսի 28-ին արդեն Արցախում էր, Հադրութում:

Նամակներ էինք գրում իրար, սեպտեմբերի 28-ին հորաքրոջս աղջկա մահվան մեկ տարին էր, Սաքիս գրեցի և ասացի, որ գնացել եմ ու իր փոխարեն էլ եմ խունկ լցրել: Ասում էր՝ Լուս, Աննան ոնց է, ասում էի՝ շատ տխուր է, բայց իրեն փորձում է պինդ պահել: Ասում էի, որ սիրում եմ իրեն, որ իմ կյանքն է… վերջում գրել էր՝ «Լուս, սաղ լավ է, այնպես չէ, ինչպես ներկայացնում են… բարևներ հարցնողներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված պահեստազորային Սարգիս Իսկանդարյանի քույրը՝ Լուսինե Իսկանդարյանը:

Պահեստազորային Սարգիս Իսկանդարյանը ծնվել է 1989թ. նոյեմբերի 26-ին Արմավիրի մարզի Հացիկ գյուղում:

Նա պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է թեժ մարտերին, հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 29-ին Հադրութում:

Ամուսնացած էր, ունի 2 զավակ:

Լուսինե Իսկանդարյանն ասում է, որ պատերազմից հետո փոխվել են իր մոտեցումները, ասում է՝ եթե առաջ աշխատանքից հետո ուզում էր ընկերներին տեսնել, հիմա նախընտրում է շուտ տուն հասնել:

«Ես ուզում եմ ընտանիքիս հետ երկար ժամանակ անցկացնել, ես ուզում եմ մեկ վայրկյան շուտ տուն հասնել, որ ծնողներիս, Աննայի ու երեխեքի կողքին լինեմ:

Առաջ պլանավորում էի ճանապարհորդելու մասին, ասում էի՝ պապային, մամային կտանեմ մի տեղ, Սաքն էլ Աննային ու երեխեքին… հիմա ամեն ինչ իմաստազրկվել է:

Պատերազմում կորցրի 3 եղբայրներիս, միակ հարազատ եղբորս՝ Սարգսին, հորաքրոջս և հորեղբորս տղաներին: Էրիկը 18 տարեկան էր, Ջանիկը 19 տարեկան»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը:

Լուսինեն ասում է՝ «Հերոս» բառը ինձ ցավեցնում է. հիշեցնում է պատերազմ, ցավ, անկարողություն անցյալը փոխելու հարցում:

«Զոհվելով չեն հերոս դառնում… իրենք օրինակելի մարդիկ են, որոնց դու ձգտում ես նմանվել: 2016թ.-ին ես հորեղբորս եմ կորցրել, ու նա ինձ համար օրինակելի մարդ է և ինձ համար նա հերոս է: Ինձ համար կենդանի մարդիկ էլ են հերոս, այն մարդիկ, ումից ես կարող եմ սովորել: «Հերոս» բառը ինձ շատ է ցավեցնում: Ես հերոսի կարիք չեմ ունեցել, ես հերոսների մեջ էի մեծանում: «Հերոս» բառը ինձ մահ է հիշեցնում, ինձ հիշեցնում է Եռաբլուրը, գերեզմաններ… ինձ ցավեցնող բառ է»,- շարունակում է Լուսինեն:

Սարգիս Իսկանդարյանի քույրը ասում է, որ վշտին զուգահեռ ապրելու ուժ են տալիս եղբոր երկու զավակները:

«Սաքը միշտ ասում էր՝ Լուսը երեխեքիս լավ է նայում: Մենք միշտ ուզեցել ենք, որ Լյովս ու Մաշս լավ երեխեք մեծանան: Երեխեքը, հարսս, մամաս, պապաս են ինձ ուժ տալիս թևաթափված պահերին:

Պապայիս, մամայիս, հարսիս տխուր տեսնելը դաժան զգացում է: Ու ամեն անգամ կարծես մեկս մյուսիս ուժ տանք, տեղին ու անտեղի թեմաներից սկսենք խոսել, որ մթնոլորտը փոխվի:

Ես հասկացա, որ ընտանիքում 2 երեխան քիչ է, շատ քիչ: Եթե առողջություն և փոքր հնարավորություն կա, մարդիկ պետք է շատ երեխաներ ունենան: Ես ունեմ հիմա մամա, պապա, Աննաս, Լևոնս ու Մարիաս: Բայց ես անբացատրելի մենակ եմ մնացել: Գիտե՞ք դա ինչ տեսարանի է նման. մութ սենյակի մեջ կուչ եկած երեխայի:

Ես չեմ դիմանա, եթե իրենցից ինչ-որ մեկը իմ կյանքում չլինի»,-ասում է արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը:

Լուսինեի խոսքերով՝ միշտ հավատը արմատացած է իր մեջ եղել, բայց պատերազմից հետո չի կարողանում Աստծո հետ շփվել:

«Հոգուս խորքում վախենում եմ էլի ինչ-որ մեկին կորցնելուց և դրա համար Աստծո անունն եմ տալիս՝ մտածելով, որ կպահի:

Տպավորություն է, որ ես Աստծուց նեղացել եմ, բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ ինչ եղել է, Աստված չի արել:

Ինձ թվում է ինչ-որ ժամանակ հետո ես նորից կկարողանամ ինձ գտնել, բայց այս պահին դեռևս չեմ կարող»:

Լուսինեն ասում է՝ եղբոր որդին՝ Լևոնը, շատ ծանր է տանում հոր բացակայությունը:

«Լյովս շատ է կարոտում հորը, իսկ Մաշս որ նոր է սկսել խոսել, ասում է՝ պապան գա ինձ պաչիկ անի, էլի գնա իր նկարի մեջ:

Ես հասկանում եմ, որ անկարող եմ. ոչինչ չեմ կարող անել, ոչինչ չեմ կարող փոխել… եթե հնարավորություն լիներ, մեկ վայրկյան անգամ չէի մտածի, ես տեղով կփոխվեի Սաքի հետ:

Երկու օր Սաքիցս լուր չունեինք, ամեն ինչ կազմակերպել էի, պիտի գնայի Արցախ, բայց իմ հարսը խնդրեց, որ չգնամ. ասաց՝ Լուս, գոնե հիմա դու մի գնա, արի մի քանի օր էլ սպասենք: Եթե 5-6 օր լուր չլինի, ես քեզ կպահեմ, կասեմ մորքուրենց տուն ես գնացել: Ասացի՝ լավ, Ան ջան, չեմ գնա, բայց այդ 5 օրը չհասցրեց անցնել»:

Լուսինե Իսկանդարյանը պատմում է նաև իրենց վերջին սելֆիի մասին, որը արել է օգոստոսին՝ բերքահավաքի օրը:

«Մեր դաշտի խաղողհավաքն էր: Կիրակի էր, երկուսս էլ գնացել էինք: Օրվա երկրորդ կեսից Լևոնիս էլ բերեցինք: Ես ու Սաքս մեր երգի տակ պարում էինք՝ «Մեր այգում քեֆ չի լինի, յարս պարել չգիտի»… Մի պահ առանձնացանք երեքով, խոսում ու սելֆի էինք անում: Աշխարհի ամենալավ օրերից էր»,- եզրափակում է Լուսինե Իսկանդարյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

 

 

 

 

 

 

 

Back to top button
Close