Նորություններ

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. 51-ամյա մենեջերի դին, ով որպես անհայտ կորած որոնվում էր, հայտնաբերվել է ձորում՝ մեքենայից դուրս

Այսօր՝ մարտի 30-ին,  առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա  գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ  Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արսեն Բաբագուլյանի  գլխավորությամբ

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի,  հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկանները վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել են արնանման հետքեր, ինչի համար էլ  դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը:

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Վոլոդյա Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ,  51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր ու այսօր նրա հարազատները, նրա անհայտ կորելու  մասին դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին և  որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել են մահացած վիճակում: Ձորում  հայտնաբերվել է նաև  նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close