Նորություններ

«Ես վստահ եմ, որ որևէ հայ գործարար երբեք իր ապրանքն այդ տարածքով չի տանի». Ս. Սարգսյան

«Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել և ոչ թե գնալ Թուրքիայի հետ հաշտեցման, որովհետև հաշտեցում նշանակում է մոռանալ անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և հաշտվել այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ և ոչ միայն ցեղասպանության ժամանակ, այլ նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման 2 հիմնարար սկզբունք՝ հարաբերությունների կարգավորում և հաշտեցում:

«Եթե սկզբունքը հաշտեցումն է, որը էապես տարբերվում է հարաբերությունների կարգավորման էությունից, սա իհարկե խնդրահարույց մոտեցում է: Սա այն թեզն է, որ առաջ է քաշում Թուրքիան, և այս իշխանությունները կարծես թե համաձայնություն են տվել և շարժվում են այդ ճանապարհով, փոխանակ գնան հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ինչն իրենից ենթադրում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում»,- ընդգծեց Սարգսյանը:

Վերջին շրջանում Ամերիկայից լսում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ազդակներ, դրանք որքանո՞վ կարող են իրատեսական լինել:

Հարցին ի պատասխան՝ միջազգայնագետն արձագանքեց. «Իհարկե դժվար է պնդել, որ Բայդենի վարչակազմը ցեղասպանությունը ճանաչելու է, բայց մի բան հստակ կարող ենք ասել, որ երբևէ որևէ վարչակազմ այդքան մոտ չի եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Սարգսյանի խոսքով՝ Թուրքիան առաջարկում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և գնալ թուրքական օրակարգով, այսինքն՝ հաշտեցման պրոցեսով:

«Առաջին հերթին կոմունիկացիաները մենք ենք բացում Ադրբեջանի և Թուրքիայի համար, որովհետև մեր տարածքով են կապվելու իրար, և նշանակում է, որ մենք ենք ապաշրջափակում, և ամենակարևորն այն է, որ դրա դիմաց մեզ տրվում է անհասկանալի իրավիճակ, այսինքն՝ նրանք մեզ Ադրբեջանի տարածքով ճանապարհ են տալիս դեպի Ռուսաստան, որի կարիքը մենք ըստ էության չունենք, որովհետև ճանապարհը Վրաստանով ավելի էժան է և շատ ավելի անվտանգ: Ես վստահ եմ, որ որևէ հայ գործարար երբեք իր ապրանքն այդ տարածքով չի տանի»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close