Նորություններ

Քանդել էին բնակարանի պատը, որ գողություն անեն․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Մարտի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք քանդել են Խանջյան փողոցի բնակարաններից մեկի պատը և փորձել մտնել բնակարան, սակայն հանցանքն ավարտին չէին հասցրել:

Անհրաժեշտ էր արագ և օպերատիվ գործել, ինչն էլ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն արել էին։ Տեղ հասնելուն պես օպերատիվ խմբի մի մասը սկսել էր դեպքի վայրի զննությունը, իսկ մյուսները բակում, շենքի հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ էին իրականացրել։ Հարևանները մոտավոր նկարագրել էին կասկածյալների արտաքին տվյալները, և հենց նկարագրությամբ էլ շենքից ոչ հեռու ոստիկանները բռնեցին նրանցից մեկին։

Բաժնում պարզվեց բերման ենթարկված տղամարդու ինքնությունը՝ Գավառ քաղաքի բնակիչ էր՝ 58 տարեկան։
Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում նույն օրը Դրոյի փողոցից բերման ենթակվեց նաև բնակարանային գողության փորձի մյուս մասնակիցը, որը Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են։
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button