ՆորություններՍպորտ

Ռուսաստանի Մ21 հավաքականը պարտվեց Ֆրանսիային. Տիկնիզյանն ու Զախարյանը մասնակցեցին խաղին

Եվրոպայի Մ21 տարեկանների 2021 թվականի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի երիտասարդական հավաքականը մրցել է Ֆրանսիայի իր հասակակիցների հետ ու 0-2 հաշվով պարտություն կրել: Հանդիպումը կայացել է հունգարական Սոմբատհեյ քաղաքի «Հալադաշ» մարզադաշտում:

Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 15-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել Օդսոն Էդուարդը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Երկրորդ գոլը ևս ֆրանսիացիները խփել են 11-մետրանոցից. 24-րդ րոպեին այն դիպուկ է իրացրել Նանիտամո Իկոնեն: Ի դեպ, երկու 11-մետրանոցն էլ Ռուսաստանի Մ21 հավաքականի դարպասին նշանակվել է Պավել Մասլովի խախտումների արդյունքում:

Երկրորդ կեսում Ռուաստանի Մ21 հավաքականը մի քանի վտանգավոր գոլային պահեր է ունեցել, սակայն չի կարողացել դրանք օգտագործել:

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արսեն Զախարյանը՝ առաջին կեսին:

Այս հաղթանակի շնորհիվ ֆրանսիացիները, վաստակելով 3 միավոր, բարձրացան C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Ռուսաստանը, որի ակտիվում 3 միավոր կա, նահանջեց 3-րդ հորիզոնական: Խմբի առաջատարը Դանիայի Մ21 հավաքականն է 6 միավորով: Վերջին տեղում Իսլանդիան է, որը միավոր չունի:

Մարտի 31-ին Ռուսաստանի Մ21 հավաքականը կմրցի Դանիայի հետ: Մասլովն այդ խաղը բաց կթողնի դեղին քարտերի կուտակման պատճառով:

armsport.am

Back to top button
Close