Նորություններ

«Թուրքիայի իրական նպատակները Հայաստանի հանդեպ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020թ. նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստը նվիրված էր Արցախյան պատերազմին և Հայաստանի կապիտուլիացիային։ Այդ նիստի արձանագրությունը մի շարք ուշագրավ հատվածներ է պարունակում, որոնք ես պարբերաբար կներկայացնեմ ձեր ուշադրությանը, որպեսզի հասկանաք Թուրքիայի իրական նպատակները Հայաստանի հանդեպ։
Թուրք-ադրբեջանական հաղթանակից հետո թեև ընդհանուր ոգևորվածության ֆոնին թուրք պառլամենտականները հանդես էին գալիս շնորհավորական ուղերձներով, սակայն որոշ զեկույցներ առանձնանում էին իրենց պրագմատիկությամբ և ապագային միտված կարևոր դրույթներով։
Թեզ-մեջբերումների տեսքով ներկայացնեմ դրանցից ընդամենը երեքը, որոնք հնչել են իշխանական պատգամավորների շուրթերից.
◾«Կիլիկայի կաթողիկոսը… կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Սա նշանակում է, որ մենք (Թուրքիան) պետք է նկատի ունենանք, որ հայկական Սփյուռքը չի փոխելու իր քաղաքականությունը»։
◾ «1921թ. Զանգեզուրը տրվեց Հայաստանին, որով Ադրբեջանը, ցավոք, առանձնացավ Նախիջևանից։… Այսօր մենք 100 տարի առաջ սկսած թուրքականության գաղափարը վերականգնելու ճանապարհին ենք»։
◾ «1993թ. մեր կողմից փակված դռներ (նկատի ունի հայ-թուրքական սահմանը) կան։ Երդվում եմ, որ հիմա տարբեր դիվանագիտական գործընթացներում ստիպելու են Թուրքիային, որպեսզի բացի Հայաստանի հետ սահմանը… Սիրելի՛ ընկերներ, ես այն մարդն եմ, ով 1996թ. կառավարության ծրագրում մտցրել եմ հետևյալ տողերը. «Քանի դեռ Ադրբեջանը չի ստորագրել, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Թուրքիան այդ դռները չի բացելու»։
Այժմ այստեղ կա կենսական խնդիր. Հայաստանի հետ սահմանը բացելու համար Թուրքիան խնդիրն արդեն այլ հարթություն պետք է տեղափոխի և հայտարարի, որ «Սահմանը կբացեմ, եթե բացվի Զանգեզուրի միջանցքը։ Եթե ոչ, ապա շանս չկա, որ կբացենք մեր սահմանը»»։
Այս երեք մեջբերումն էլ բավական է, որպեսզի հասկանաք, որ մեր ազգի ու պետականության դեմ պայքարը չի դադարել։ Չի դադարել նույնիսկ մեկ օրով, երբ կարելի էր ցնծալ ու տրվել ուրախությանը։ Չի դադարել նաև հիմա և չի դադարելու երբեք։ Այն ուղղված է Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը։
Ուստի այն, որ պատերազմում պարտված և դեռևս ՀՀ իշխանություն հանդիսացող օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները վերջին օրերին ու շաբաթներին ձեզ պարբերաբար հավաստիացնում են, որ Թուրքիան մեզ թշնամի չէ ու այլևս խնդիր չի լինելու նրանց հետ, դա ոչ միայն ուրացում է մեր հազարավոր նահատակների, այլև Հայաստանի վերջնական ջախջախմանն ուղղված թուրքական քաղաքականության շարունակություն։
Այս առիթով ուզում եմ հիշեցնել վերջերս թուրքական իշխանական գլխավոր թերթերից մեկում հրապարակված այս հոդվածն ու կից ծաղրանկարը, որում երևում է, թե ինչ են մեզ հետ ուզում անել Թուրքիան և նրա կամակատարը։ Ուշադի՛ր նայեք նկարին ու կհասկանաք, թե ինչու են Թուրքիայում սատարում Փաշինյանին։

Back to top button
Close