Նորություններ

Արցախի նորանշանակ ՄԻՊ–ն անդրադարձել է Մատաղիսի եկեղեցու պղծման թեմային

Գեղամ Ստեփանյանը համոզված է` եթե հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունն անպատիժ մնա, ապա դա իր հետևանքը կունենա աշխարհի տարբեր վայրերում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անընդունելի է համարում միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին։

«Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ: Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանզի մենք տեսել ենք, որ նման դեպքերի անպատժելիությունը ծնում է նոր չարիք աշխարհի տարբեր վայրերում»,– Facebook–ի իր էջում գրել է նա և հրապարակել ադրբեջանցիների տարածած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են պղծում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին։

Հիշեցնենք` մարտի 25-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին բացահայտող տեսանյութին, հայտարարեց, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եկեղեցու «անհետացման» մասին պատմող ռեպորտաժի հեռարձակումից մի քանի ժամ անց Twitter- ում գրեց. «Հայաստանը, ադրբեջանցի ժողովրդի ժառանգության և սեփականության հանդեպ թույլ տված անասելի վանդալիզմից հետո Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»։

Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր նաև Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որի վերաբերյալ, թեևս, որևէ արդարացում չգտնելով, որոշել էր լռություն պահպանել:

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և համանախագահ երկրներին, ՅՈւՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել անհապաղ միջամտել ու կանխել հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

Back to top button
Close