Նորություններ

«Ռոբերտ Քոչարյանի համար անորոշ է այն ձևաչափը, որով ինքը կկարողանա մասնակցել ընտրություններին, առավել ևս հաղթել». Բ.Նավասարդյան

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ հանդիպմանը, հայտարարեց.

«Գուցե այդ հանդիպումը կարելի է առաջին քայլ համարել և հուսալ, որ այդ քայլը կունենա շարունակություն:

Անկախ նրանից՝ արդյոք ճիշտ քաղաքական գիծ են իրենց համար ընտրել Հայաստանի և Արցախի նախկին նախագահները և իրենց հետ կապ ունեցող քաղաքական ուժերը, իրավիճակը այնպիսին է, որ ով էլ լինի, չի կարող մտահոգված չլինել ապագայի հետ կապված:

Իրար հետ խոսելու, լուծումներ փնտրելու, նպատակները համադրելու ցանկացած փորձ միայն օգտակար է: Ես իհարկե կցանկանայի, որ այդպիսի գործընթաց տեղի ունենար քաղաքական բոլոր ուժերի և առաջնորդների մասնակցությամբ»:

Բորիս Նավասարդյան

Ըստ Նավասարդյանի՝ այդ հանդիպումները ընտրություններին ընդառաջ՝ իրավիճակը հասկանալու, իրավիճակից ելքեր գտնելու և միգուցե հասարակությանը համատեղ ուղերձով դիմելու փորձ կարելի է համարել:

Վերջինիս խոսքով՝ համագործակցության համար դեռևս հակվածություն չի տեսնում քաղաքական ուժերի միջև, ամեն մեկը փորձում է իր նեղ խնդիրը լուծել:

«Ենթադրում եմ, որ շատ բան պայմանավորված կլինի ԸՕ-ի փոփոխությունով, և դրանից էլ կախված կլինի քաղաքական ուժերի վարքը:

Եթե դաշինքների համար նախատեսվեն ավելի բարձր շեմեր, քան դրանք եղել են նախորդ ընտրությունների ժամանակ, ապա դաշինքները ընտրություններին մասնակցելու համար գրավիչ չեն լինելու, իսկ եթե շեմը իջեցվի, ապա դաշինքների համար կլինեն լավ հնարավորություններ, և այդ դեպքում համագործակցությանը միտված քայլերը միգուցե ավելի ակտիվ կլինեն»,- հայտարարեց Նավասարդյանը:

«Երևանի մամուլի ակումբի» նախագահը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե մասնակցելու է ընտրություններին և «կրելու» է, հայտարարեց.

«Գրեթե բոլոր քաղաքական գործիչները կամ քաղաքական ուժերը կամ գոնե մեծամասնությունը փորձում են հասարակությանը ցույց տալ, որ իրենք ունեն առավել մեծ աջակցություն, առավել մեծ շանսեր: Քաղաքական պայքարում դա բնական է և նորմալ, բայց դա չի նշանակում, որ ցանկացած նման կարգի հայտարարություն, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի կողմից, ինչ-որ աղերսներ ունի իրականության հետ:

Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի և այսօրվա իշխանությունների վարկանիշի անկումը մեխանիկորեն նշանակում է, որ մեր երկրի նախորդ ղեկավարները դրանից շահում են:

Հակված եմ մտածելու, որ ցանկացած քայլ այսօրվա իշխանությունների կողմից մեծացնում է այն զանգվածի ծավալները, որոնք կողմնորոշված չեն կամ մերժում են եղած քաղաքական ուժերին:

Ռոբերտ Քոչարյանի առումով շատ անորոշ է այն ձևաչափը, որով ինքը կկարողանա մասնակցել ընտրություններին, առավել ևս հաղթել, քանի որ այն քաղաքական հենարանը, որ ինքը փորձում էր իր համար ստեղծել դեռ նախագահ լինելու ժամանակ (ես նկատի ունեմ ԲՀԿ-ն), կարծես թե ինքնուրույն է փորձում դերակատարություն ունենալ այսօրվա քաղաքական կյանքում:

Ռոբերտ Քոչարյանի համար մյուս հնարավոր հենարանը ՀՅԴ-ն է, որի հետ ևս ունեցել է ավանդական սերտ հարաբերություններ: Այստեղ որոշակի ալյանս չեմ բացառում, և դա նույնպես կախված է լինելու այն քաղաքական հաշվարկներից, որը անելու է Դաշնակցության ղեկավարությունը և համապատասխանաբար նաև Ռոբերտ Քոչարյանը: Արդյո՞ք այդ կարգի ալյանսը գումարելու է երկուսի ռեսուրսը և որոշակի շանսեր է տալու ընտրություններին ձայներ հավաքելու, բայց նույնիսկ եթե այն համարվի երկկողմանիորեն ձեռնտու, բայց չեմ կարծում, որ բերի հաղթանակի»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Նավասարդյանը չի բացառում նոր քաղաքական ուժերի ձևավորումը կամ նոր քաղաքական ուժերի ձևավորման գործընթացում Ռոբերտ Քոչարյանի որոշակի մասնակցությունը:

«Այն անորոշ զանգվածը, ովքեր կողմնորոշված չեն, այդ զանգվածը գրավիչ է ցանկացած քաղաքական գործչի համար, որովհետև նրանք կարող են ձեռք բերել լայն ընտրազանգված:

Անորոշ զանգվածը այսօր Հայաստանում մեծ ռեսուրս է, և շատերը կցանկանան օգտվել, երևի թե Ռոբերտ Քոչարյանն էլ բացառություն չէ»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close