Նորություններ

Սահմանափակում ենք մտցրել, որ յուրաքանչյուրին 15 ձվից ավելի չվաճառեն, իսկ խանութներում ձվի գինն իջել է, խուճապն անցել է․ Թռչնաբույծների միության նախագահ

Խուճապն արդեն անցավ, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ անդրադառնալով ձվի շուկայի գնի բարձրացմանը։

Նա նշեց, որ հիմա ձուն խոշոր ցանցերում վաճառվում է 66-72 դրամով։ «Հիմա դրա համար սահմանափակում ենք մտցրել, որ ամեն մեկին 15 ձվից ավելի չվաճառեն և դա չի նշանակում, որ ձուն քիչ է։ Այդ սահմանափակումը պետք է զսպի, նախկինում չկար շուկայում վերահսկողություն, այսօր արդեն զգացվել է, որ այդ գործիքը զսպել է, բոլոր խանութներում գինն իջել է»,–ասաց նա։

Ըստ նրա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ավելի շուտ զբաղվեր այս հարցով։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թող ուսումնասիրի, գտնի ինչն էր պատճառը, նա ամբողջ ցանցը, շղթան պետք է ուսումնասիրի։ Ընկերությունները ՏՄՊՊՀ–ին ամեն օր բացթողման հաշիվ-ապրանքագրերն ուղարկում են, իրենք հիմա պետք է ճշտեն, որ եթե 60–63 դրամով բաց են թողնում, ո՞նց է լինում 85 դրամ։ Մենք հիմա առաքիչներին էլ ենք կրճատել, որ ուղղակի ձուն առանց միջնորդի գնա ցանց»,- ասաց նա։

Ըստ նրա՝ միջնորդներն են թանկացրել ձուն։ «Միասնական մոտեցում պետք է ցուցաբերել հարցը դիտարկելիս։ Մի խոսքով խուճապ են բարձրացրել, որ ձուն թանկանում է, որպեսզի թանկ վաճառեն, իրենք ձուն հանեցին շուկայից մեկ օրվա մեջ, որ այդպիսի բան չէր պատահել։ Ձուն բացթողման գնով մինչև հասնում էր խանութ, գինը զարմանալիորեն բարձրանում էր»,–ասաց նա և նշեց, որ խոսքը խոշոր ցանցերի մասին է։

Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ միայն «Արաքս» ընկերությունն է գինը բարձրացրել։ Իսկ հարցին, թե Զատկի ժամանակ պահանջարկը կբավարարվի՞ և արդյոք գնի բարձրացում չի լինի, նա պատասխանեց, որ գնի բարձրացման մասին ոչինչ չի կարող ասել, բայց պահանջարկը կբավարարվի։

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակի իրական պատճառները, և շուկայի մասնակիցներին, այդ թվում՝ առևտրային ցանցերին, այդ նպատակով պաշտոնական հարցումներ են ուղարկվել:

Առևտրային ցանցերի ներկայացուցիչները ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել մանրամասն տեղեկատվություն տրամադրել բոլոր հարցերի վերաբերյալ և համագործակցել հանձնաժողովի հետ ստեղծված իրավիճակը շուտափույթ շտկելու գործում:

Անդրադարձ է կատարվել առանձին անհատների կողմից ցանցերից մեծաքանակ գնումներ կատարելու դեպքերին, որոնք կարող են շուկայում ձվի պակասուրդի պատճառ հանդիսանալ:

Back to top button