Նորություններ

Կյանքից հեռացել է Շիրակի մայր բուհի երկարամյա դասախոս Անահիտ Մկրտչյանը

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորատը ցավով հայտնում է, որ կյանքի 73-րդ տարում իր մահկանացուն է կնքել համալսարանի երկարամյա դասախոս Անահիտ Գագիկի Մկրտչյանը:
Ա. Մկրտչյանը ծնվել է 1948 թվականին, ք. Լենինականում (այժմ՝ Գյումրի):
1965-ին ընդունվել և 1969-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1969 թվականից աշխատանքի է անցել նույն ինստիտուտի (այժմ՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի) հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դասախոս:
1972թ. Ա. Մկրտչյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
Ա. Մկրտչանը ծավալել է բեղուն գիտամանկավարժան գործունեություն, եղել է սիրված ու հարգված գործընկեր, դասախոս:
Ավելի քան 50 տարվա գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում Ա. Մկրտչյանի կողմից կարդացած դասախոսությունների և գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է ժամանակակից հայոց լեզվի տեսական և գործնական ոլորտներին առնչվող հարցերը:
Անբասիր ու նվիրված աշխատանքի շնորհիվ Ա. Մկրտչյանը վայելում էր ՇՊՀ ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը:
Ծանր կորստի այս պահին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն իրենց խորին ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերն են հղում Ա. Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը:

Back to top button