Նորություններ

Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց համար նախարարությունը նոր ծրագիր է ներկայացրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը և գրավչությունը մեծացնելու նպատակով։

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև 6 ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի գործող կարգավորումների համաձայն՝ ուսուցման ծրագիրն իրականացվում է Զբաղվածության պետական գրասենյակի (ԶՊԳ) տարածքային կենտրոններում հաշվառված և մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների համար՝ այն դեպքում, երբ աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը, ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում:

Ուսուցում անցած գործազուրկների աշխատանքի ընդունվելու հավանականությունը առավելագույնի հասցնելու նպատակով՝ առաջարկվում է Ծրագրի իրականացման ընթացակարգը վերանայել։

Մասնավորապես, նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այսուհետ թափուր աշխատատեղ ունեցող գործատուն է դիմելու զբաղվածության տարածքային կենտրոն՝ առաջարկելով․

ա) իրականացնել գործազուրկի մասնագիտական ուսուցում կամ

բ) գործազուրկի համար իր մոտ կազմակերպել աշխատանքային փորձառություն։

Որպես նոր ծախսային ուղղություն նախատեսվում է՝ մասնագիտական ուսուցումն անցնելուց հետո աշխատանքի ընդունված աշխատողի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի փոխհատուցում գործատուին։ Փոխհատուցումն իրականացվելու է երեք ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 ՀՀ դրամի չափով։

Մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրում վերոնշյալ փոփոխությունների իրականացման արդյունքում՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգը։

Առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող «Մասնակի փոխհատուցման» և «Աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրերը միավորել և ներկայացնել երկու ենթածրագրերով։

 

Իրավաբան.net
Back to top button
Close