Նորություններ

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում ոչնչացվել է 477039 հատ արկ և զինամթերք

2021 թ. մարտի 22-ից մինչև մարտի 26-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերվել է 75 հատ, որից ոչնչացվել է 16 հատ խոշոր տրամաչափի զինամթերք՝ հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում և Մարտակերտ քաղաքում: Արդյունքում Մարտունու շրջանի տարածքում հայտնաբերվել 3045 հատ, որից ոչնչացվել է 24 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, իսկ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված է և ամբողջությամբ ոչնչացված է 526 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

Այս պահին աշխատանքները շարունակվում են Այգեստանի, Խնածախի, Մարտակերտի շրջանի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի, նաև Ասկերանի շրջանի Վերին և Ներքին Սզնեքի տարածքներում։

Կատարված աշխատանքների արդյունքում, 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել են 477039 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

2020 թ. նոյեմբերի 22-ից «Հումանիտար ականազերծման կենտրոնը» ականազերծման աշխատանքները իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ականազերծման կենտրոնի հետ, իսկ 2020 թ. դեկտեմբերի 7-ից՝ նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորական խմբի հետ համատեղ:

Back to top button
Close