Նորություններ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 37-ամյա վարորդը, BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է. վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում 30-ամյա Արմեն Հունանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ N  զորամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ուղևոր, 37-ամյա Անուշ Մ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թրվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար   Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները  ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը,  ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության,  պարզվել է, որ եղել է ոչ սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button
Close