Նորություններ

ՍԴ որոշումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը արդարացման հիմքով պետք է կարճի 300.1-րդ հոդվածի մասով քրեական վարույթը. փաստաբան

ՍԴ որոշումից հետո առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանքի շրջանակներում արդարացման հիմքով քրեական վարույթը կարճելու մասին որոշում կայացնի։ Այդ որոշումն իր համար պարտադիր բնույթ է կրում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ն՝ նախագահությամբ Արման Դիլանյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Սույն որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է այժմ գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ ՍԴ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչվելուց հետո Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ նշված հոդվածի մասով։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Բարձր դատարանն իր բարձունքի վրա է։ ՍԴ որոշումը փաստաբանի համար սպասելի էր, քանի որ երեք տարի շարունակ պնդում էին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն ունի սահմանադրականության լրջագույն խնդիր, մասնավորապես, ունի որոշակիության խնդիր, ինչը և արձանագրել է ՍԴ-ն։ Ալեքսանյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը պետք է տվյալ մեղադրանքի շրջանակներում արդարացման հիմքով քրեական վարույթը կարճելու մասին որոշում կայացնի և կարևոր չէ, թե պաշտպանության կողմը քրեական վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես կգա, թե ոչ, դատարանն արդեն իսկ պարտավոր է օրենքի ուժով ՍԴ որոշման առկայության պայմաններում նման որոշում կայացնել։

«Անկախ այն հանգամանքից, թե քրեական գործը դատավարական որ փուլում է գտնվում, ՍԴ կայացրած որոշումը պարտադիր կլինի դատավարության յուրաքանչյուր փուլում՝ կլինի դա նախապատրաստական փուլում, թե հենց դատաքննության բուն փուլում»,- նշեց Ալեքսանյանը։

Նշենք, որ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեղադրանքից բացի Արմեն Գեւորգյանին մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ս։տանալու, փողերի լվացման մեղադրանք, հետեւապես այս մասով գործի վարույթը շարունակվելու է։

«Միևնույն է՝ վստահ ենք, որ անգամ այդ մեղադրանքի շրջանակներում վերջիններս միանշանակ արդարացվելու են, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր նշված մեղադրանքների իրավաչափությունը, ուստի՝ դրա վերաբերյալ նույնպես համոզված ենք և հաղթանակին հասնելու ենք»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close